Արաբ ժողովուրդն ինչի՞ է իր շեյխերին սիրում, որովհետև ժողովրդին պահում են, իսկ մեր շեյխերն ի՞նչ են անում. Ա. Աղաբաբյան

19:23 • 09.09.17

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբայանը, անդրադառնալով վերջին շրջանում ամենաինտրիգային՝ 2018-ից հետո վարչապետությանը, ասաց, որ իրեն առհասարակ չի հետաքրքրում՝ «ով կլինի վարչապետը, ով հարկայինը, իր գործը արտադրանք տալն է ու հայրենիքի պաշտպանությունը»: Նախկին պատգամավորը շատ դժգոհ է հայկական հեռուստաընկերությունից, քանի որ ասում է՝ ֆիլմերը, լրիվ գողական, հանցագործ կյանքի մասին են, պատերազմի մասին մի երկու ֆիլմ են նկարում ու վերջ: Ըստ նրա՝ հեռուստեսությունը չի կատարում կրթելու իր գործառույթը:

-Պարո՛ն Աղաբաբյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հայկական ապրանքները թերագնահատված են ռուսական ընկերությունների կողմից: Տեսեք, երբ 4 տարի առաջ միացանք Մաքսային միությանը և 2,5 տարի առաջ՝ ԵԱՏՄ-ին, այս կառույցին միանալու հիմնական կռվանը 180 միլիոնանոց շուկան էր:

- Ես չեմ կարող ասել՝ ինչ է ասել վարչապետը, բայց որ Սովետական Միության ժամանակ հայկական ապրանքներից տրիկոտաժեղենը, կոշկեղենը, հյութը ոնց որ բրենդ լինեին, որակյալ, բնականաբար, մենք այսօր դա չենք արտադրում: Շատ քիչ ապրանք ունենք, որ ԵԱՏՄ-ում հավանեն: Ու նաև գյուղմթերքի մասով. եթե Թուրքիայից լոլիկն առնում են, տանում են Ռուսաստան, ոնց կլինի ...

- Ի դեպ, արդեն պարզ ասվում է, որ Վրաստանը նույնպես օգտվում է ԵԱՏՄ-ից այնտեղ չլինելով, այսինքն՝ իր ապրանքները «արտադրված է Հայաստանում»-ի անվան տակ արտահանում է ՌԴ:  

- Դե հիմա, որ տանում են, մենք ի՞նչ անենք: Եվ եթե մեր ապրանքները, կրկնում եմ, որակ չունեն, դա ԵԱՏՄ-ի մեղքը չի: Բնական է, որ որակ չունեն, որովհետև մեզ մոտ, նախ, արտադրություն չկա: Երկրորդը՝ հարկերն այնքան բարձր են, որ մեր ապրանքների գներն այնքան էլ մրցունակ չեն շուկայում: Եվ հետո մեր համար շուկան միայն ԵԱՏՄ-ն չի, մենք Եվրոպա էլ կարող ենք արտահանել, ԱՄՆ էլ, արաբական աշխարհ էլ: Այսինքն՝ յուրաքանչյուր արտադրող պետք է և՛ դոլարի գոտում լինի, և՛ եվրոյի, և՛ ԵԱՏՄ-ի: Ուրեմն, եթե ասում են՝ մեր ապրանքը լավը չէ, չգիտեմ, ոնց կարող է մեր գյուղմթերքը վատը լինել՝ վիտամիններով հարուստ, էկոլոգիապես մաքուր … Ու կարծում եմ՝ ավելի շատ մեր առաջ ուրիշ խոչընդոտներ կան: Միշտ հիշեք, որ մեր առաջ միշտ խոչընդոտներ են արտահանման, լավ ապրելու:

Ինչ վերաբերում վարչապետի ասածին, հետո, գիտե՞ք, ինչ կա, մեր այսօրվա յուրաքանչյուր խոսք, որ արվում է վարչապետի անունից կամ կառավարության անդամների, անընդհատ քաղաքականացվում է։

- Բայց ի՞նչ անել, վարչապետը հայտարարում է, ու վե՞րջ: Դրանք չպե՞տք է հետևեն ինչ-ինչ որոշումներ, քայլեր:

- Չգիտեմ՝ դա պետք է առաջին հերթին դառնա մեր տնտեսվարողների պատվի հարցը, որ իրենք ավելի լավ, մրցունակ ապրանքներ արտադրեն: Երկրորդը. մենք վերջապես պետք է որոշենք՝ մենք ինչ երկիր ենք՝ արտահանո՞ղ, զբոսաշրջիկներ ընդունո՞ղ,  սպասարկո՞ղ։
  
-Ուշ չէ՞, մի քիչ։ Չե՞ք կարծում, որ սպասարկող երկիր ենք:

- Այդպես է ստացվում, եթե մենք արտադրություն չունենք, շուկա չունենք, ուրեմն՝ տուրիստական երկիր ենք դառնում: Եվ դրա համար Հայաստանը պետք է այնքան բնակիչ ունենա, որ ընդամենը տուրիզմի սպասարկող, տուրիզմի սպասավորներ աշխատեն:

- 2018-ի ապրիլի ծագելու է վարչապետության հարց, և թեև մի քիչ հեռացել եք ՀՀԿ-ից, բայց ի՞նչ կասեք այս՝ վերջին շրջանում ամենաինտրիգային հարցի մասին:

- Ես հեռացել եմ քաղաքականությունից, ու ես ամեն ինչ անելու եմ, որ աշխատատեղեր բացեմ մեր հաշմանդամ ազատամարտիկների համար ու ապրանք արտադրեմ: Իմ խնդիրը դա է մնացել, ես ուրիշ խնդիր չունեմ՝ իմ հայրենիքի պաշտպանությունն է ու արտադրանք տալը: Իսկ, թե վարչապետը ով կլինի, ԱԺ-ն ով կլինի, հարկայինը ով կլինի, ինձ ո՛չ հետաքրքրում է, ո՛չ էլ: 

- Նեղացած եք:

- Ինչի՞ եմ նեղացած: Եթե ես այդ գործառույթների մեջ չկամ, ես իմ գործերով չզբաղվե՞մ: Իսկ, առհասարակ, ոնց ուզում են՝ անեն, պաշտոնը պետք է լինի ոնց որ զինվորականների մոտ՝ հրամանի տակ, ոչ թե 3 000 կամ 25 000 դոլար արժողությամբ կոստյումները հագնեն ու քաղաքով ման գան: Ինչի՞ չեք տեսնում:

Եթե այսօր մանկապարտեզի վարիչը, դպրոցի ուսուցիչը, բուհը երեխաների մեջ չդնեն ազգ–բանակ գաղափարը, մենք չենք կարող նորմալ ապրել: Այսօր հեռուստատեսությունը նայեք, ֆիլմերը, լրիվ գողական, հանցագործ, 2 հատ պատերազմի մասին ֆիլմ են նկարում ու վերջ: Հեռուստատեսությամբ դպրոց չկա, հաղորդում չկա, որ ոնց երեխաները փողոց անցնեն: Այսինքն՝ քո հեռուսատեսությամբ էս ամենը չկա, մենակ տկլոր աղջկերքի երգեր կան:

- Այսինքն՝ պատգամավոր չդառալուց հետո ավելի շա՞տ եք տանը մնացել ու սկսել եք շա՞տ հեռուստացույց դիտել:

- Ես ընդհանրապես հայկական հեռուստատեսություն չեմ նայում: Ու հարցնում եք՝ ես ընդդիմադիր եմ այնքանով, որքանով ճշմարտությունն եմ ասում, ես ընդդիմադիրի շոր երբեք չեմ հագել, որովհետև էդ ընդդիմադիրներն ավելի վատն են, քան դիմադիրները: Ասեմ՝ ինչի, որովհետև վատն ասելով, ոչ մի բան չանելով, ավելի վտանգավոր են, որովհետև ամեն տեղից սնվում են: Ո՞վքեր են այս ընդդիմադիրները … մի հատ կարո՞ղ եք ասել: Կամ որ հարցնում եք՝ շատ չե՞ն պլանկան գցել։ Ինչի՞, երբևէ ունեցե՞լ են: Հիմա ժողովուրդը դժգոհում է իր ապրելակերպից: Իրենք այս մասին խոսում են ու ոչինչ չեն անում: Ավելի լավ է՝ չխոսեն, իրենց գործն անեն, քան խոսեն, ոչ մի բան չանեն: Ու ասեմ, որ եթե մենք ունենք ընդդիմություն, ունենք միայն աշխարհին ցույց տալու համար:

Մի հարց տամ։ Դուք գիտե՞ք, հասարակ արաբ ժողովուրդն ինչո՞ւ է իր շեյխերին սիրում, որովհետև ոչ մի շեյխ իր ժողովրդին չի «քցում», պահում է: Իսկ մեր շեյխերն ի՞նչ են անում: Աղքատ ժողովրդի մեջ հարուստը ո՞րն է:   

Արաբ ժողովուրդն ինչի՞ է իր շեյխերին սիրում, որովհետև ժողովրդին պահում են, իսկ մեր շեյխերն ի՞նչ են անում. Ա. Աղաբաբյան