ՀՀԿ–ն այսօր արդեն քննարկել և որոշել է, թե 2018-ին ով պետք է լինի ՀՀ վարչապետը. Գալուստ Սահակյան

21:02 • 22.12.17

Այսօր արդեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քննարկել և որոշել է, թե ով պետք է լինի 2018-ին ՀՀ վարչապետը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«(«Բանաձև» հաղորդաշարին տված – Tert.am) Հարցազրույցին Սերժ Սարգսյանն ասաց հետևյալը, որ երբ ժամանակը  գա, քննարկումներ կլինեն, այսինքն, եթե նախագահը պետք է վարչապետ լինի, դրա համար պետք է քննարկում լինի, իսկ քննարկման առաջին փուլը դա Հանրապետական կուսակցությունում պետք է լինի, իսկ ես դրան հակառակ ասում եմ, որ Հանրապետականն այսօր արդեն քննարկել է և ասում է, որ պետք է լինի նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասաց նա։

ԱԺ նախկին նախագահը հստակեցրեց, որ ոչ թե ՀՀԿ-ն ժողով է գումարել, քննարկել, որ վերջնական ՀՀ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, այլ իր՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո գնում են այդ ճանապարհով:

«Քննարկումը դեռևս շարունակվում է և ես կարծում եմ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ինքը նաև վարչապետ լինի և զբաղվի երկրի հետագա ճակատագրով»,- ասաց նա և հավելեց, թե այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ այլ թեկնածու էլ չկա:  

Դիտարկմանը, թե ինչու գործող վարչապետ Կարեն Կարապետյանին չեն դիտարկում վարչապետի պաշտոնում, այն դեպքում երբ ինքն էլ դեմ չի շարունակել պաշտոնավարել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե ինձ էլ հարցնեք, ասեք ո՞վ կուզեիք լինի վարչապետ, կասեմ՝ ես եմ ուզում լինել: Խնդիրը հետևյալն է, Սերժ Սարգսյանը  կուսակցության առաջնորդն է, այսինքն՝ ամբողջ կուսակցությունն ինքն է ստեղծել, Կարեն  Կարապետյանին փաստորեն վարչապետ ենք ընդունել, եկել–դարձել է կուսակցության առաջնորդի տեղակալը, իսկ քաղաքական կուսակցությունում բազմափորձ գործիչը, Հայաստանի  անկախությանը, պատերազմին մասնակցած այդքան մեծ իրողությունների առաջ կանգնող, համաշխարհային գործառույթներին տեղյակ անձնավորությունը Սերժ Սարգսյանն է»:

ՀՀԿ–ական պատգամավորը չի ժխտում՝ «այսօրվա վարչապետը» շատ լավ է աշխատել: «Բայց կար երկրի նախագահ և կար վարչապետ և վարչապետը շատ լավ աշխատեց: Բացի այդ, ի՞նչ եք կարծում, Կառավարության 5-ամյա ծրագիրը, որ ներկայացվել է, և ԱԺ-ն էլ հաստատել, եթե վարչապետը վարչապետ դառնա, ինքը շատ ժամանակ ունենալո՞ւ է ծրագիր իրականացնելու համար, թե՞ ոչ: Այսինքն՝ քաղաքական իրավիճակներն այնպիսին են, որ պետք է կարողանաս երկրի քաղաքականությունը պահել: Նախ՝ դրա համար փորձ է պետք, ճանաչողություն, մթնոլորտ է պետք, ինչ-որ ճանապարհների անհրաժեշտություն կա, չեմ մտածում, որ այսօրվա վարչապետն ուզում է նորից վարչապետ դառնա, որովհետև կա քաղաքական որոշակի գործոն»,-ասաց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ինքը երբեք չի ասում, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է լինել, այլ ընդամենը շեշտում է, որ այս քաղաքական իրավիճակում միայն ինքը կարող է լինել:

Հարցին, թե ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե իր ուզած ճանապարհով գնան, այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական պետություն դառնա, ինքը չի լինի նաև վարչապետ, այդ դեպքում ինչպես եք համոզում նրան, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Դե հա, ինքը չի եղել վարչապետ: Ընտրությունները եղան պրծան, ինքը վարչապետ չի եղել, հիմա նոր մի ժամանակաշրջան է գալիս: Երկրորդը՝ ես ասում եմ, եթե ինքը չի ուզում վարչապետ լինել, երկրորդ մարդ չկա, որը կկարողանա Սահմանադրության ամբողջ իրողությունը ներկայացնել  հասարակությանը և ժողովրդի համար վառ ապագա ստեղծել, նման ուրիշ մարդ չունենք մենք: Դուք ասում եք վարչապետը, ես էլ ասում եմ՝ այո, վարչապետը շատ հզոր մարդ է, շատ լավ ընկեր է ,մենք բոլորս ընդունում ենք իրեն, բայց այդ փորձը, այդ մոտեցումները չի ունեցել, ինքն ընդամենը երկու տարի էլ չկա՝ ՀՀԿ անդամ է, մինչև այդ որևէ կուսակցության անդամ չի եղել ու քաղաքականության չի մասնակցել, բայց երկրի նախագահը պետք է խորը քաղաքական գործիչ լինի, բացի դրանից, պետք է ունենա նաև քաղաքական թիմ»,- ասաց նա: