Ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա մարմին. ինչ է փոխվում ոստիկանությունում` ըստ նախագծի

12:38 • 25.01.18

 

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ:

Ըստ նախագծի՝ սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը, նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը:

Ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ նախագծով նախատեսված չեն: Պայմանավորված այն հանգամանքով, որ նոր սահմանադրության ընդունումից հետո ՀՀ-ն դառնում է խորհրդարանական երկիր, իսկ նախագահի լիազորությունները կրճատվում են, ոստիկանությունում փոփոխություններն էլ հիմնականում պայմանավորված են վարչապետի և նախագահի լիազորությունների փոփոխություններով: Առանցքային փոփոխությունն այն է, որ ոստիկանությունը Կառավարության առընթեր մարմնից դառնում է վարչապետին ենթակա մարմին, այսինքն` կրկին հաշվետու չի լինի խորհրդարանին:

Կառավարությունն այժմ ունի վեց առընթեր մարմին՝ Ազգային անվտանգության ծառայությունը,Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն,Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն,Պետական գույքի կառավարման վարչությունը և Պետական եկամուտների կոմիտեն:

Ըստ նոր սահմանադրության՝ վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության և պետական վերահսկողության ոլորտներում:

Վարչապետին ենթակա մարմիններն են՝

1) Ազգային անվտանգության ծառայությունը.

2) Ոստիկանությունը.

3) Պետական պահպանության ծառայությունը.

4) Պետական վերահսկողական ծառայությունը:

Ըստ նախագծի՝ այսուհետ Ոստիկանության կանոնադրությունը հաստատում և աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանում է վարչապետը:

Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի և թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ, «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառը կփոխարինվի «ոստիկանության պետ» բառով:

Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Կառավարությունը և վարչապետը:

Նախագիծն ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում ևս փոփոխություններ ու լրացումներ են կատարվելու: Ըստ նախագծի՝ ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակում է ոստիկանության պետը, ոստիկանության պետին նշանակում և ազատում է վարչապետը:

Ըստ գործող օրենքի՝ ոստիկանապետին, տեղակալներին նշանակում է ՀՀ նախագահը:

Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը: Ոստիկանության զորքերի հրամանատարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե ոստիկանության պետի տեղակալն է:

Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ոստիկանության պետը:

Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:

Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Նախագիծն ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա մարմին. ինչ է փոխվում ոստիկանությունում` ըստ նախագծի