Նոր նախագծով նախարարությունների թիվը չի փոխվում. վարչապետը կունենա մեկ առաջին փոխվարչապետ և երկու փոխվարչապետներ

14:11 • 25.01.18

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ:

Նախագիծը սահմանում է Կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Կառավարության անդամների գործունեության երաշխիքները:

Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարությունների թիվը չի փոխվում, գործող 18 նախարարությունները կպահպանվեն.

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) Առողջապահության նախարարությունը,

3) Արդարադատության նախարարությունը,

4) Արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) Արտաքին գործերի նախարարությունը,

6) Բնապահպանության նախարարությունը,

7) Գյուղատնտեսության նախարարությունը,

8) Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,

9) Կրթության և գիտության նախարարությունը,

10) Մշակույթի նախարարությունը,

11) Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը,

12) Պաշտպանության նախարարությունը,

13) Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,

14) Սփյուռքի նախարարությունը,

15) Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,

16) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,

17) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,

18) Ֆինանսների նախարարությունը:

Նախարարություններին վերապահված գործունեության ոլորտները ևս կառուցվածքային փոփոխության չեն ենթարկվել և նախագծով սահմանված են:

Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն: Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին:
 
Ինչ վերաբերում է վարչապետին, ապա ըստ նոր օրինագծի՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:

Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Նոր կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:

Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը,հետևում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը: Վարչապետն իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը: Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և աշխատողների թվաքանակը:

Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում վարչապետի աշխատակազմի հանրային ծառայության պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից:

Վարչապետի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որը ստեղծվում, վերակազմակերպվում կամ գործունեությունը դադարում է վարչապետի որոշմամբ: Վարչապետի աշխատակազմը գործում է օրենքների, կառավարության աշխատակարգի և իր կանոնադրության հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատվում է վարչապետի որոշմամբ:

Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը:

Վարչապետի նստավայրը Երևան քաղաքում է:

Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:


Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, ապա Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: