Ադրբեջան ռուսական պատվիրակության այցը չի արտահայտում Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը. ռուս փորձագետ
Ռուսական պատվիրակության այցն Ադրբեջան մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը: Այդ կարծիքն է հայտնել ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը rusarminfo.ru-ի հետ զրույցում:
Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ:
«Այցը պաշտոնական բնույթ չէր կրում: Եթե առանձին ռուս փորձագետներ դրան մասնակցել են, դա դեռ չի խոսում այն մասին, որ նրանք արտահայտում էին ռուսական ղեկավարության տեսակետը, հատկապես այն հարցի վերաբերյալ, թե Հարավային Կովկասում որ պետությունն է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը: Գործող միջազգային փաստաթղթերի համաձայն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Վլադիմիր Եվսեևը rusarminfo.ru-ի հետ զրույցում:
Ռուս փորձագետի կարծիքով՝ ռուսական պատվիրակության այցը Լելե Թեփեի բարձունք անցանկալի է:
«Կոնկրետ այդ բարձունք այցը խորհրդանշական բնույթ էր կրում, քանի որ պատերազմը 2016 թվականի ապրիլին նախաձեռնվել է 1994-1995 թվականներին ձեռքբերված համաձայնագրերի, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքների խախտմամբ: Ադրբեջանը փորձում է օգտագործել Հայաստանում ներքին անկայունությունը Ռուսաստանի հետ նրա կապերը թուլացնելու համար, որովհետև միայն այդպես է հնարավոր վերադարձնել Լեռնային Ղարաբաղը»,- կարծում է Վլադիմիր Եվսեևը:










