Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ իր մերձեցմամբ. ռուս փորձագետ

12:44 • 03.07.18

Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հետ իր մերձեցմամբ: Այդ կարծիքն է հայտնել ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում:

«Արևմուտքի երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել՝ կազմակերպության գագաթնաժողովին, լրջորեն մտահոգում է Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ կազմում մնալու Հայաստանի ձգտմանը: Ինձ թվում է, որ եթե Հայաստանին այդքան մտահոգում է ռուս փորձագետների այցն Ադրբեջան, ապա նրան պետք է անհանգստացնի նաև այն, թե արդյոք չափազանց լուրջ չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ՝ իր խաղաղարարներին ուղարկելով դաշինքի գործողություններին և մասնակցելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:

Ռուս փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե արդյոք Ռուսաստանն է, թե Արևմուտքն իր հիմնական գործընկերը կոմպլեմենտարության քաղաքականությունում, և եթե հիմնական գործընկերը լինի Արևմուտքը, իսկ Ռուսաստանը լրացնող դեր ունենա, այդ դեպքում, փորձագետի կարծիքով, Ռուսաստանից կարելի է տարբեր գործողություններ սպասել:

Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանին զենք վաճառելու, անկախ փորձագետների այցի մասին հարցեր առաջադրելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարության գործունեությունը համապատասխանում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող նորմատիվ փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։

Եվսեևը հայտարարել է, որ ռուսական պատվիրակության այցը մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը:

 

Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ իր մերձեցմամբ. ռուս փորձագետ