«Մինսկն ու Բաքուն մտադիր են համատեղ «յուրացնել» երրորդ երկրների շուկաները». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Մինսկն ու Բաքուն մտադիր են «համատեղ յուրացնել երրորդ երկրների շուկաները»:
Ինչպես նշում է belta.by-ն, Լուկաշենկոն ընդգծել է, որ երկու երկրներն ընդլայնված արտադրական համագործակցության համար անհրաժեշտ հիմք ունեն: Այս համատեսքում Բելառուսի ղեկավարը նշել է, որ Գյանջայում (Գանձակ) արդեն հավաքվել է ավելի քան 10.000 բելառուսական տրակտոր ու 3.500 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:
«Այսօր մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել փոխգործակցության սկզբունքորեն նոր փուլի մեկնարկին՝ երրորդ երկրների շուկաների յուրացմանը»,-ասել է Լուկաշենկոն:
Նա մանրամասնել է, որ արդեն գրեթե պատրաստ է Թուրքիայում Մինսկի ու Գյանջայի գործարանների մասնակցությամբ տրակտորների արտադրության նախագիծը:
«Ապագան այսպիսի նախաձեռնություններինն է, ու հենց դրանց վրա է պետք շեշտը դնել»,-ասել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկի ու Բաքվի համագործակցությունը հեռանկարային է նաև Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսների, վերելակների, գյուղատնտեսական կոմբայնների ու գյուղատնտեսական տեխնիկայի այլ տեսակների հավաքման, դեղագործության, հեռահաղորդակցային տեխնոլոգիաների, մշակույթի ու այլ ոլորտներում:
Բացի այդ, Լուկաշենկոն Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը Բելառուսի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի ռազմավարական գործընկեր»:
«Ադրբեջանը մեզ համար եղել է ու շարունակում է լինել հուսալի ռազմավարական գործընկեր: Մենք բարձր ենք գնահատում մեր ընկերությունն ու պատրաստ ենք նույն կերպ անկեղծ ու բաց աջակցել Եվրոպայի կենտրոնում Ադրբեջանի շահերի առաջխաղացմանը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է belta.by-ն:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում համագործակցության համար փակ թեմաներ չկան:
«Մեր համագործակցությունը երբևէ որևէ երկրի դեմ ուղղված չի եղել: Ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների բարօրության համար: Թաքուն կամ փակ թեմաներ չկան ու երբեք չեն լինի»,-ասել է Լուկաշենկոն:
Նա վստահեցրել է, որ Մինսկը տրամադրված է առևտրատնտեսական ոլորտում կանոնավոր ու երկարաժամկետ համագործակցություն ծավալել Բաքվի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, երկու երկրների առաջնորդների բանակցություններն ընթացել են Մինսկի Անկախության պալատում:
«Բելառուսը ձեզ սպասում էր: Մենք վաղուց էինք սպասում դրան»,- հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ Բելառուսում Ադրբեջանին ընդունում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լավ հարաբերություններ են հաստատվել ամենատարբեր մակարդակներում»:










