ՔՊ նոր վարչությունում չլինելն իմ անձնական որոշումն է, ոչ ոք ինձ խորհուրդ չի տվել. Արարատի մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը թեպետ չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչությունում, սակայն շարունակելու է կուսակցական ակտիվ գործունեությունը: Այդ մասին Tert.am-ին հայտնեց ինքն՝ Արարատի մարզպետը:
Հարցին՝ նրան խորհուրդ ե՞ն տվել՝ չառաջադրվի վարչության ընտրություններում, ասաց. «Իմ անձնական որոշումն է, ոչ ոք խորհուրդ չի տվել: Ընդհանրապես կուսակցությունում նման պրակտիկա չկա, բոլորն ազատ են իրենց գործողություններում, ոչնչով կաշկանդված չեն»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Լենա Նազարյանն ու Գարիկ Սարգսյանը չեն լինի ՔՊ նոր վարչությունում. մեկը բոյկոտել է, մյուսին ասել են՝ հեռու մնա ավելորդ աղմուկից:
Լենա Նազարյանի հետ Tert.am-ին չհաջողվեց կապ հաստատել:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ՔՊ նոր վարչության ընտրությունները նախատեսված են անցկացվել հունիսի 15-ին, սակայն թեկնածուների շատ լինելու պատճառով կարող է հետաձգվել: ՔՊ վարչության անդամ ընտրվելու համար առաջադրվել է 65 հոգի:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը թեպետ չի լինի ՔՊ նոր վարչությունում, սակայն շարունակելու է կուսակցական ակտիվ գործունեությունը:










