Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստանի հետ համաձայնագրի վրա

12:44 • 17.12.20

ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման համաձայնագրի վրա և վնաս չեն հասցնի Անկարային, հայտարարել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է ria.ru-ն։

«Պատժամիջոցները ոչ մի բանի վրա չեն ազդի, բացի այն մարդկանցից ու գերատեսչություններից, որոնց դեմ դրանք սահմանվել են։ Նրանք նաև չեն ազդի ավելի վաղ ստարագրված համաձայնագրերի վրա։ Մենք չենք կարծում, որ պատժամիջոցները որևէ վնաս կհասցնեն կամ մեր թուլացման պատճառը կդառնան. մեր զինված ուժերն ու անվտանգության ուժերն այն վիճակում չեն, որ դրանց վրա հնարավոր լինի ազդել»,- ասել է նա հարցազրույցի ընթացքում։

Նա հավելել է, որ պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիան «պաշտպանական արդյունաբերության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ կրկնակի ջանքեր կգործադրի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց նկատմամբ։ Ինչպես հայտարարել Է պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: