Հիշում ենք 90-ականների առևանգումները, հիմա մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղը ես իմ երեխային, մորը ուղարկեմ մայրաքաղաք՝ թշնամու «սնայպերը» չի աշխատի. Սյունիքի բնակիչ

14:49 • 17.12.20

Մեր պահանջը Սյունիքի սահմանների անվտանգության երաշխավորությունն է, մենք ապրում ենք այստեղ և նպատակ չունենք այլ տեղ գնալու. Սյունիքի մարզում շարունակվում են սահմանների անվտանգության հարցով ակցիան:

Քաջարանի հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Համբարձումյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության համաձայն՝ պետք է զինված ուժերը կանգնեին այն դիրքերում, որտեղ կռիվը վերջացել էր, սակայն հիմա, իր խոսքով,  օդանավակայանը և միջպետական ճանապարհը սահմանակից են Ադրբեջանին.

«Ոնց են պատկերացնում թշնամուց 300 մետր հեռավորության վրա օդանավակայանը և միջպետական ճանապարհը՝ ուղիղ գծով, մենք պետք է իրենց հետ ապրենք, արյունը դեռ չի չորացել: Ես համոզված եմ, որ վեճեր են լինելու, որովհետև բոլոր ընտանիքներում հարազատ զավակ են կորցրել, ինչպե՞ս կարող է այդ գյուղում կոնֆլիկտ չլինել: Հիմա Կապանը դառնում է սահմանակից, թող գան երաշխավորվեն, որ քայլեր են լինելու, անորոշության մեջ ապրելը ճիշտ չէ, եթե ասում ենք, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ես վստահաբար ասում եմ, որ մեր ողնաշարն արդեն թուլացել է: 90-ականների տղաներն են նաև այստեղ, ես նրանց աչքերում հիասթափություն եմ տեսնում»:

Նրա խոսքով` իրենք անվտանգության երաշխավորությունը Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից է.

«Մամուլից տեղեկացա, որ 21 կմ ճանապարհի ձախակողմյան մասը՝ մինչև Որոտանի հատվածը,  հայտնվել է նրանց սահմանին կից, մենք հիշում ենք 90-ականների առևանգումները, հիմա մենք ինչ երաշխիք ունենք, որ վաղը ես իմ երեխային, մորը ուղարկեմ մայրաքաղաք՝ «սնայպեր» չի աշխատի, հետո պիտի ասեն՝ դե եղավ, մեկ- երկու դեպք է եղել, մեր փոքր ազգի համար երեք դեպքն էլ բավական է: Մենք միայն  անվտանգության երաշխիքներն ենք ուզում: Ովքեր մեծ -մեծ խոսում են, թող գան Սյունիք, 15 րոպե «պոստ» կանգնեն, ոչ թե ասֆալտների վրա նկարվեն: Եթե մեկը համարձակվի այս ելույթիս տակ գրի «պիցայակեր» կամ այլ բան, հանկարծ ինձանից չնեղանա, մենք միայն պահանջում ենք անվտանգություն»: