Անհետ կորածների համար պետք է 10 մլն դրամ միանվագ աջակցություն տրամադրեն, նաև՝ ամսական 200 հազար դրամ, հիմա որպես լավություն 300 հազար դրամ են «ծախում» նրանց վրա. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հրավիրված ասուլիսին հայտնեց, որ ինքը բարձրաձայնել է հիմնադրամում առկա խնդիրների մասին, այդ պատճառով նրան հեռացրել են հիմնադրամից:
«Գործող պոպուլիստ վարչապետի հրապարակած թվերը՝ կապված նոր աշխատատեղերի հետ, չեն համապատասխանում իրականությանը, այլապես հիմնադրամում պետք է արտացոլվեին այդ գումարները. հիմնադրամի այս և այլ խնդիրները հրապարակային դարձնելուց հետո, իմ գնահատմամբ, վարչապետի ցուցումով խնդիր դրվեց ինձ հեռացնել հիմանդրամից: Պայքարում եմ դատարանով վերականգնեմ իմ իրավունքները, իմ տեղը՝ որպես հիմնադրամի անդամ: Այսօր էլ, տեսնելով հիմնադրամում տեղի ունեցող լուրջ խնդիրները, բարձրաձայնում եմ և չեմ կարող լռել»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ իր կողմից բարձրացրած խնդիրներից էր նաև այն, որ անհետ կորածների ընտանիքները 2.5 տարի հետո նոր հնարավորություն կունենային դառնալ հիմնադրամի շահառու, ճիշտ է՝ իրենք փոխեցին, մեկ տարի դարձրին, բայց դա նույնպես բարոյապես ճիշտ չէ: «Պետք է ավելի շուտ տալ կարգավիճակ, ընթացակարգը հեշտացնել: Ամենավատ երևույթն եմ տեսնում՝ գործող կառավարության հանցավոր անգործությունը անհետ կոտրածներին գտնելու ուղղությամբ, ոչ մի աշխատանք չի տարվում»,- ասաց նա:
Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ ամեն անհետ կորած զինծառայողի կարգավիճակի որոշակիություն տալուց հետո 10 մլն դրամ միանվագ գումար պետք է վճարեն, իսկ դրանից հետո ամսական նվազագույնը 200 հազար դրամ. «Բայց դրա փոխարեն՝ կառավարության նիստի ժամանակ, կառավարությունում նստած դիլետանտները, որոնք նույնիսկ հիմնադրամի անունը չէին կարողանում ճիշտ ասել, որպես լավություն այդ ընտանիքիների վրա ծախեցին 300 հազար դրամ ամսական աջակցությունը, որը ոչ մի ձևով չեմ կարողանում հասկանալ»,- նշեց նա և ընդգծեց, որ այստեղ էլ օրենքի հակասող կետեր կան, իրենք ասում են՝ տանք հիմնադրամին, հետո հիմնադրամից վերցնենք, սակայն նման բան չկա:
«Այդ 300 հազար դրամը ոչ թե նրանք լավություն են անում՝ աջակցելով այդ ընտանիքիներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց հասանելիք գումարից քիչ են տալիս, 10 մլն միանվագ պետք է վճարեին, ամսական էլ՝ 200 հազար դրամ տային: Հիմա ասում են՝ մենք ձեզ վեց ամիս տանք այդ գումարը, կհասկանանք ձեր կարգավիճակն ինչ է, հետո նորից կտանք: Թող կառավարությունը հանկարծ չմտածի, թե լավություն է անում այդ ընտանիքներին, նույնիսկ նրանց հասանելիքը չեն ուզում տալ»,- հայտարարեց նա:
Մանուկյանը հավելեց. «Պատերազմի առաջին օրից մինչև հիմա հաշվեք՝ քանի՞ օր է անցել պատերազմից, նրանք միայն 300-400 ընտանիքնի են աջակցություն ցուցաբերել, ինչի՞ համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:










