Բողոքի ակցիա՝ Սյունիքի մարզում. սյունեցիները փակել էին Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը, պահանջում էին լուծել իրենց սահմանների անվտանգության հարցը (տեսանյութ)

12:35 • 17.12.20

16:08

«Ես խնդրում եմ, եթե հնարավոր է, թող ժողովրդի մասին մտածեն, այստեղի մեղավորը մի հոգի է, ոչ մեկ չկա, որ տիրություն անի»,- ասաց Գորիսում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա ասաց, որ բազմազավակ հայր է, երեխան առաջնագծում է, ինքն էլ չի կարող աշխատանքի գնալ՝ մտածելով, որ մյուս երեխաներն այստեղ ապահով են:

«Ինչո՞վ եք աջակցում, հողերը տալիս եք թուրքերին, ասում եք՝ աջակցո՞ւմ եք»,- ասաց նա՝ դիմելով իշխանությանը:

Մեկ ուրիշ քաղաքացի էլ նշեց, որ 18 տարվա ղեկավարման փորձ ունի, բայց այսպիսի բան չի տեսել: «Այսքան անտարբերություն, անգլուխ աշխատանք, մի՞թե ղեկավարությունից մեկը չկա, որ գա բացատրի ժողովրդին, թե ինչ է կատարվում: Մի՞թե կարելի է ժողովրդին թողնել անպաշտան»,-ասաց նա:

12:35

Արդեն մի քանի ժամ է սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: Նրանք պահանջում են լուծել իրենց անվտանգության հարցը:

«Մենք պահանջում ենք այն մարդուն, ով կարող է այս հարցը լուծել, դա կլինի ռուս, այս իշխանությունից, թե եկող իշխանությունից, դա մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր հարցը: Մենք կռիվ ենք տալիս մեր և մեր երեխաների ապագայի համար: Պետք է մեզ «բուֆերային զոնա», որ թուրքը չգա նստի, ռուսը մեր ընկերն է մեր բարեկամն է, իրենք թող գան այս հարցը լուծեն, եթե մերոնք չեն կարողանում այս հարցը լուծել»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Մեկ այլ քաղաքացի դիմելով ոստիկանության վարչության պետի տեղակալին նշեց. «Ես այնտեղից գերեզման ունեմ «սնայպերով» խփում է գերեզմանին: Գիտես, որ եղել է նման բան գիտես, որ այստեղից մարդ են գողացել, կարողանո՞ւմ ես դրա պատասխանը տալ: Ամսի 9-ին ստորագրել են, ով որտեղ կանգնած էր՝ այնտեղ կանգնում է, հիմար ինչի՞ է այս խնդիրը առաջանում, կարո՞ղ եք այդ հարցի պատասխանը մեզ տալ»: