ԱՄՆ հետախուզությունը հետաձգել է նախագահական ընտրություններին միջամտության վերաբերյալ զեկույցի հրապարակումը

11:26 • 17.12.20

ԱՄՆ հետախուզությունը հետաձգել է 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա արտաքին ազդեցության վերաբերյալ զեկույցի հրապարակումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի ազգային հետախուզության ծառայության թվիթերյան էջից:

«Այսօր կեսօրին հետախուզության պաշտոնյաները տեղեկացրել են Ազգային հետախուզության տնօրենին, որ հետախուզական համայնքը չի պահպանի  գործադիր հրամանով և Կոնգրեսով սահմանված վերջնաժամկետը, այն է` դեկտեմբերի 18-ը` ներկայացնելու 2020 թվականին ԱՄՆ ընտրություններին արտաքին սպառնալիքների վերաբերյալ հետախուզական համայնքի գաղտնի գնահատումը»,- ասել է գերատեսչության ռազմավարական  կապերի վարչության ղեկավար Ամանդա Շոխը:

Fox News- ի փոխանցմամբ՝ զեկույցը պետք է հրապարակվեր դեկտեմբերի 18-ին: Այնուամենայնիվ, հետախուզական հանրությունը հակասության մեջ է ընկել այն հարցի շուրջ, թե ինչ պետք է ներառվի փաստաթղթում:

Հետախուզության բարձրաստիճան վերլուծաբանները բաժանվել են մի քանի խմբի. մի մասը կարծում է, որ Չինաստանը ակտիվորեն փորձում էր միջամտել ընտրություններին, մյուս մասը` որ ՉԺՀ-ի ջանքերը նվազագույն էին, և ծրագրերը չեն իրականացվել: Որոշ փորձագետներ տատանվում են վերջնական եզրակացություններ անել, քանի որ Պեկինի գործողությունների մասին տեղեկությունները «բավականաչափ չմշակված տվյալներ են պարունակում»:

Միևնույն ժամանակ, դեռևս տեղեկություն չկա, թե երբ է հրապարակվելու զեկույցը: