Սրտացավ եմ Միքայել Արզումանյանի համար, տա Աստված՝ այդ մեղադրանքները դատարանում հերքվեն․ Անդրանիկ Քոչարյան
Միքայել Արզումանյանի փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը կասկած չի հարուցել, այն, որ ինքը եղել է փայլուն զինվորական դեռ 1990-ական թթ-ից, շատերն են հիշում, ընդհուպ մինչև Սամվել Բաբայանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Միքայել Արզումանյանի մեղադրանքը այլ բովանդակության է, և ես հիմա չեմ էլ ուզում մեղադրանքի մասին խոսել, տա Աստված, որպեսզի այդ մեղադրանքները դատարանում հերքվեն, ինքս սրտացավ եմ Արզումանյանի համար, բայց եկեք շարժվենք քրեական գործի տրամաբանությամբ։ Ոչ ոք չի ցանկանա մեղադրանք դնել մի մարդու վրա, ով իր ուսերին է վերցրել 44-օրյա պատերազմի վերջին հատվածը, բայց եթե կան սխալներ, որոնք բերել են չարդարացված կորուստների, դա պետք է քննվի և քննության արդյունքները պետք է լինեն անբեկանելի»,- ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին՝ Քոչարյանը ասաց․
«Խնդիրը ոչ թե մեղադրանքների մասին է, այլ դասեր քաղելու մասին, եթե որևէ մեկի որոշումների արդյունքում եղել են սխալներ, դրանք պետք է ուսումնասիրվեն և քննվեն։ Շատ գնահատելով և՛ Ջալալի, և՛ Արզումանյանի անցած ուղին, որը ոչ ոք չի հերքում, բայց ճոճանակը այնպես է շարժվել, որ պետք է հստակություն մտցնենք և թույլ չտանք, որ այդ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»։










