Մոլդովայում ընդդիմության կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը
Մոլդովայում ընդդիմադիր «Շոր» կուսակցության կողմնակիցները երկուշաբթի առավոտյան պիկետ են արել կառավարության շենքի մոտ՝ կոչ անելով Նատալյա Գավրիլիցայի ղեկավարած նախարարների կաբինետին հրաժարական տալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ցուցարարներն այս կերպ իրենց բողոքն են արտահայտել պարենային մթերքի ու վառելիքի գների բարձրացման դեմ։ Բողոքի ակցիան ուղիղ հեռարձակվել է սոցցանցերով։
«Սա հակաժողովրդական կառավարություն է: Մենք կոչ ենք անում նախարարներին, պաշտոնյաներին և ոստիկանությանը չծառայել այս իշխող ռեժիմին, որը երկիրը հասցրել է տնտեսական և էներգետիկ փլուզման: Նատալյա Գավրիլիցայի կուսակցության կառավարությունը պետք է հրաժարական տա»,- հանրահավաքի ժամանակ ասել է «Շոր» կուսակցությունից ընտրված պատգամավորը Յուլիան Բալանը:
Ցուցարարներն իրենց հետ պաստառներ էին բերել։ Ակցիան, որին մասնակցել է շուրջ 100 մարդ, տևել է մեկ ժամից պակաս։ Այն խաղաղ է անցել, ոստիկանությունը չի միջամտել։










