Տեղի ունեցավ «Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» բարեգործական երկրորդ համերգը

13:12 • 06.07.16

Հուլիսի 4-ին Երևանի տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով երկրորդ բարեգործական համերգը: Տարբեր ժանրերի երաժիշտների ու երգիչների  համախմբելու նպատակը մեկն էր՝ ստացված հասույթը փոխանցել Արցախի ապրիլյան պատերազմում վիրավորված պայմանագրային զինծառայող 27-ամյա Էրիկ Բաբայանին, ով Թալիշում մարտերի ժամանակ վիրավորվել էր ու այժմ գտնվում է հիվանդանոցում: Էրիկը մի քանի վիրահատությունների կարիք ունի և վերջերս է դուրս եկել կոմայից:

 

Նախագծին մասնակցում էին Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը, Սևակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, Քրիստ Մանարյանը և նվագակցող երաժիշտները, ովքեր պատրաստել էին հայրենասիրական երգերով համերգային ծրագիր՝ շուրջ 90 րոպե տևողությամբ։

 

 

Օրերն անցնում են և սահմանում համեմատաբար լարվածությունը պակասում է: Շատերը տարվում են կենցաղային ու անձնական խնդիրներով ու շատ երևույթներ մոռացվում են, սակայն համերգի կազմակերպիչներն ու մասնակիցները չեն մոռացել, որ կան շատ վիրավոր զինվորներ և նրանք մեր աջակցության կարիքն ունեն:

 

 

 

«Առաջին համերգը տեղի ունեցավ մայիսի 9-ին: Հայկ Պետրոսյանն ուներ պատրաստած հումորային ներկայացում, որը պիտի խաղար ապրիլ ամսին, բայց հանեցինք, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միանշանակ հումորային ծրագիր ներկայացնելը ճիշտ չէր: Որոշեցինք փոխել այն և ստացանք այս բարեգործական համերգը: Երգիչների ընտրությունը ևս պատահական չի եղել։ Ընտրել ենք այնպիսի երգիչների, ովքեր ասելիք ունեն: Ի վերջո, այս երգիչներին չի կարելի հանդիպել ռեստորաններում և ակումբներում: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած երկու զինծառայողների ընտանիքներին»,-ասաց համերգի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

 

 

 

Համերգին հյուր էր եկել Սիբիլը՝  թուրքիայից ժամանած հայ երգչուհին. «Այս ծրագրի մասին իմացել էի և  գումար էի պատրաստել իմ կողմից: Կազմակերպիչները, որ իմացան գալիս եմ Հայաստան առաջարկեցին, որ ես էլ մասնակցեմ ու բնականաբար սիրով համաձայնեցի»:

 

 

«Գումարը հանձնեցինք հենց համերգի ավարտին՝ զինվորի ծնողներին, քանի որ մարդկանց մոտ կա մտավախություն, որ իրենց տրամադրած գումարը տեղ չի հասնում: Ամեն ինչ անում ենք, որ համերգին եկած յուրաքանչյուր հանդիսատես ոչ միայն մտածի, որ ինքն եկել է զինվորին գումարով օգնելու, այլև հաճույք ստանալու համերգից»,- ասաց համերգի հաղորդավար-կազմակերպիչ Հայկ Պետրոսյանը:

 

 

 

«Նման օրերում բոլորս փորձում ենք օգտակար լինել: Կարևորում եմ շատ, որովհետև մենք մեր գործով կարողանում ենք օգնել»,- ասաց երգչուհի Նարինե Դովլաթյանը:

 

Երգիչ Սևակ Ամրոյանն էլ ասում է, որ միշտ պատրաստ է նման համերգների մասնակցել: Իր լուման ներդրել է ոչ միայն համերգին մասնակցելով, այլև բազմաթիվ տոմսեր գնելով հարազատների համար: «Ֆինանսական որևէ ակնկալիք չունի ոչ մի երգիչ: Նույնիսկ ամոթ է ակնկալիքի մասին ենթադրելը: Այդ զինվորները մեզ համար են վիրավորվել ու զոհվել: Հանուն սեփական հանգստության կարելի օգնել որքանով կարող ես»- ավելացրեց Սևակը:

 

 

Համերգը կայացավ կենդանի հնչողությամբ: Գրեթե բոլոր երգերը հնչեցին նոր մոտեցմամբ: Երգիչները հանդես եկան զուգերգերով, կատարեցին «Հայաստան», «Տալվորիկի քաջ զինվոր», «Ո՞ւր եք տղաներ», «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Կիլիկիա», «Բարի արագիլ», ինչպես նաև այլ հեղինակային երգեր։ Դահլիճում ներկա էր նաև զինծառայող Էրիկ Բաբայանի մայրը: Վերջինս անգամ ծաղիկներ էր բերել Սոնա Ռուբենյանի համար: 

 

 

                                                                                                                       Անահիտ Կասամանյան

  

Տեղի ունեցավ «Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» բարեգործական երկրորդ համերգը