Տարիների հետ ավելի շատ ես գնահատում անցած ճանապարհդ և այն, ինչ հասցրել ես ստեղծել. Մենչը նշում է 51-րդ տարեդարձը
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, դերասան, հումորիստ և հաղորդավար Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նշում է ծննդյան 51-րդ տարեդարձը։ Տարիների ընթացքում նրա կյանքում փոխվել են շատ բաներ, սակայն, ինչպես ինքն է ասում, յուրաքանչյուր տարիք ունի իր հետաքրքրությունն ու արժեքը։
Ծննդյան օրվա առիթով Tert.am Life-ի հետ զրույցում Մենչը խոսել է կյանքի առաջնահերթությունների, ընկերական շրջապատի, ընտանիքի, կնոջ և երեխաների հետ հարաբերությունների, ինչպես նաև ապագայի ցանկությունների մասին։

51 տարեկանը Մենչի համար ամենևին էլ տխրելու առիթ չէ։ Ընդհակառակը՝ իր խոսքով՝ տարիների հետ ավելի շատ է գնահատում անցած ճանապարհը և այն, ինչ հասցրել է ստեղծել։
«Ամենալավ ու հետաքրքիր զգացողությունն այն է, որ յուրաքանչյուր տարի հետ ես նայում ու տեսնում՝ անցած տարիներն իզուր չեն անցել, և իզուր չեմ ապրել։ Մի տարիք կա՝ արդեն 50-ն անց տարիքը, և ես էլ նախկինում մտածում էի, որ դա շատ վատ է, բայց հիմա հասկանում ես, որ յուրաքանչյուր տարիք ունի իր հետաքրքրությունը: Բացարձակ չեմ տխրում այդ փաստից, որ մեծանում եմ, հակառակը՝ շատ ուրախ եմ»,- ասել է նա։
Տարիների ընթացքում, նրա խոսքով, փոխվել է նաև որոշումներ կայացնելու իր մոտեցումը։ Եթե երիտասարդ տարիքում շատ բաների մասին երկար չէր մտածում, ապա այսօր փորձում է ավելի խորությամբ գնահատել յուրաքանչյուր քայլի հնարավոր հետևանքները. «Յուրաքանչյուր տարիքի հետ մի քիչ ավելի իմաստուն ես դառնում, մի քիչ ավելի խորն ես դառնում, ինչի չէ՝ մի քիչ ավելի սենտիմենտալ։
Եթե համեմատեմ 20-25 տարեկանի հետ, երբ որևէ բան անելուց երկար չէի մտածում, հիմա յուրաքանչյուր որոշում կայացնելուց մի փոքր ավելի երկար եմ մտածում՝ արժե՞, չարժե՞, ինչ հետևանք կունենա, ինչ հետևանք չի ունենա, ընդհանրապես դա ինձ պե՞տք է, թե՞ պետք չէ»։
Մենչի խոսքով՝ կյանքի փորձը նաև օգնել է ավելի վաղ տարբերակել մարդկանց իրական վերաբերմունքն ու մտադրությունները։
«Իմ դեպքում դա երևի մի քիչ ավելի շուտ է սկսվել, քանի որ վաղ տարիքից ենք սկսել միայնակ ապրել և գումար աշխատել։ Հիմա դա ուղղակի մի քիչ ավելի խորացել է։ Ավելի հստակ ես կարողանում ճիշտը սխալից տարբերել։ Երբ մարդը դիմացդ նստում, խոսում է և փորձում ինչ-որ տեղ քեզ մոլորեցնել, արդեն նրա բառը չարտաբերած՝ հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Տարիքի հետ փոխվում է նաև մարդու շրջապատը։ Մենչը նկատել է, որ տարիների ընթացքում իր շրջապատի մարդկանց թիվը կարող է նվազել, սակայն փոխարենը պահպանվում են այն հարաբերությունները, որոնք իսկապես արժեքավոր են։
«Գնալով մարդիկ քչանում են, և մնում է այն կորիզը, որը քեզ հաճելի է։ Մի շրջապատ, ընկերություն, հարազատ մարդիկ, որոնց կողքին դու լարված չես և խոսելուց առաջ չես մտածում՝ ինչ ասես։ Կարող ես ազատ խոսել և հասկանում ես, որ այդ մարդիկ քեզ կես բառից հասկանում են»։

51 տարեկանում Մենչի համար առաջնային արժեքը ընտանիքն է։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում այդ համոզմունքն ավելի է ամրապնդվել։ «Իմ վերաբերմունքն ընտանիքի նկատմամբ փոխվել և հասել է այն կետին, որ ևս մեկ անգամ իմ մեջ վերահաստատել եմ՝ դրանից կարևոր և արժեքավոր բան ուղղակի կյանքում գոյություն չունի»։
Արմեն Պետրոսյանն ու նրա կինը՝ Քրիստինեն, այս տարի նշում են ամուսնության 24-րդ տարեդարձը։

Մենչը կնոջը համարում է իր կյանքի կարևորագույն հենարաններից մեկը։
«Ես միշտ մտածում եմ ու հասկանում, որ իմ կողքի կինն այնքան ուժեղ աղջիկ է, որ այս տարիների ընթացքում, նախ և առաջ, կարողացել է դիմանալ ինձ, հասկանալ ինձ և ամեն կերպ լինել թև ու թիկունք, որովհետև մեր մասնագիտության մեջ դա մի փոքր դժվար գործընթաց է։ Ոչ բոլորը կարող են դիմանալ և այդպես ամուր ընտանիք պահպանել։ Եվ երբ հասկանում ես, որ մենք արդեն 24 տարի ամուսնացած ենք և այդ ընթացքում որևէ լուրջ խնդիր չենք ունեցել, կարելի է նույնիսկ փոքրիկ արձան կանգնեցնել նման մարդու համար»,- կատակով նշել է նա։

Մենչը երեք երեխաների հայր է և կարևորում է ոչ միայն ծնողի, այլև ընկերոջ դերը երեխաների կյանքում։ Նրա խոսքով՝ իր համար կարևոր է, որ երեխաները չվախենան իրենից և կարողանան ազատ կիսվել իրենց մտքերով.
«Փորձում եմ բոլոր երեխաների հետ, բացի հայր լինելուց, նաև ընկեր լինել։ Ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկը չամաչի ինձանից, չվախենա ինձանից, այլ հակառակը՝ կիսվեն, ասեն, պատմեն, իրար հետ ինչ-որ բան քննարկենք, լուծումներ գտնենք»։
Նա նաև ընդգծում է, որ ծնողը պետք է կարողանա լսել երեխային և ընդունել, որ տարբեր սերունդների պատկերացումները կարող են տարբեր լինել։ Մենչի համար կարևոր է, որ անկախ դժվարություններից՝ երեխան միշտ զգա ծնողի աջակցությունը։
«Կապ չունի՝ երեխաների կյանքում ինչ է լինում կամ չի լինում։ Յուրաքանչյուր բան մարդու համար է։ Կարող է մեկը մի քիչ ավելի բարդ փորձության ենթարկվի, մյուսը՝ ավելի քիչ, բայց դրանք փորձություններ են, որոնք պետք է կյանքում անցնել, ինչ-որ բաներ վերադասավորել, հասկանալ և շարժվել առաջ»։
Ծննդյան 51-րդ տարեդարձին Մենչը մեծ ցանկությունների ցուցակ չի առանձնացնում։ Նրա գլխավոր մաղթանքը առողջությունն է՝ իր և ընտանիքի համար։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան








