«Որոգայթը» վերադառնում է նոր պատմությամբ․ ինչ է սպասվում հեռուստադիտողներին (լուսանկարներ)

17:22 • 12.10.26

«Որոգայթ» հեռուստանախագիծը վերադառնում է նոր՝ «Որոգայթ․ Նոր սկիզբ» քրեական դրամայով։ 24 մասից բաղկացած պատմության իրադարձությունները կծավալվեն նոր հակամարտությունների, անցյալի չլուծված խնդիրների և հերոսների բարդ հարաբերությունների շուրջ։

Սերիալի գլխավոր հերոս Հովոյի կյանքում նոր փուլ է սկսվում, երբ նրա անցյալից հայտնվում է խորհրդավոր թշնամի։ Նրանց միջև ծագած հակամարտությունն աստիճանաբար դուրս է գալիս անձնական հարաբերությունների շրջանակից՝ ներքաշելով նաև շրջապատի մարդկանց։

Այս ընթացքում վերափոխվում են նախկին կապերը, առաջանում են նոր դաշինքներ, իսկ վստահությունը դառնում է հարաբերությունների ամենախոցելի կողմերից մեկը։ Նոր պատմության զարգացումներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ընտանեկան հարաբերություններն ու անձնական ընտրությունները։

Հերոսները ստիպված են լինելու բախվել սեփական որոշումների հետևանքներին, հաղթահարել ներքին հակասությունները և որոշել՝ ինչի են պատրաստ հանուն իրենց նպատակների ու մտերիմների։ «Որոգայթ․ Նոր սկիզբը» միավորում է քրեական դրամայի, հոգեբանական լարվածության և սիրային պատմությունների տարրերը։

Նախագիծն անդրադառնում է հավատարմության, դավաճանության, վրեժի և իշխանության համար պայքարի թեմաներին՝ ցույց տալով, թե ինչպես կարող են անցյալի չլուծված հարցերն ազդել ներկայի վրա։

Նոր սերիալում նկարահանվել են Հարություն Մովսեսյանը, Արմեն Սողոյանը, Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լևոնյանը, Դավիթ Աղաջանյանը, Միկա Ղափլանյանը, Ելենա Բորիսենկոն, Արամ Հովհաննիսյանը, Արման Ղազարյանը, Բորիս Մելքոնյանը, Էլեն Գևորգյանը, Մարիամ Ալեքսանյանը և Լիկա Մեսրոպյանը։

Սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը՝ Ռոման Մուշեղյանը։ Նախագծի ստեղծագործական թիմում են նաև բեմադրող օպերատոր Վազգեն Մանուկյանը, բեմադրող նկարիչ Արթուր Սարյանը և կոմպոզիտոր Արման Ալբերտը։