Մենք փորձում ենք պատմություններ ստեղծել, որոնց մարդիկ կհավատան․ պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյան
Շուտով Konodaran-ը կինոսերների դատին կհանձնի «Փակ փողոց» ֆիլմն ու «88» սերիալը։
«88»-ի պատմությունը զարգանում է երկու ժամանակաշրջանում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում։ Ֆիլմում գլխավոր դերակատարը Սամվել Թադևոսյանն է, որն առավել հայտնի դարձավ «Կյանք ու կռիվ» ֆիլմից։ Դերասանի մարմնավորած լրագրող Ադամը ժամանակի միջով տեղափոխվում է անցյալ՝ փորձելով բացահայտել իր հոր պատմությունը և կանխել մեծ աղետը։ 10 մասանոց սերիալի նկարահանումները նախատեսված են հոկտեմբերին, իսկ պրեմիերան՝ 2027 թվականի հունվարին։

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծերի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն ասաց, որ նոր նախագիծ ընտրելիս պրոդյուսերի համար առաջին կարևոր չափանիշը պատմությունն է։ Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր է գտնել մի պատմություն, որը հետաքրքիր կլինի հանդիսատեսին և որին մարդիկ կկարողանան հավատալ։ «Ուրախալի է, որ այն, ինչի վրա մոտավորապես մեկ տարի ժամանակ ես ծախսում, մարդիկ նայում են ու գնահատում»,-պատմում է պրոդյուսերը։
«Փակ փողոց» ֆիլմի առանցքում էլ չորս երիտասարդ ընկերների կյանքն է, որոնք խճճվել են կործանարար մոլուցքների մեջ: Նրանք հայտնվել են վճռորոշ ու բեկումնային կետում, որտեղ յուրաքանչյուր քայլ՝ առաջ կամ հետ, վճռելու է նրանց հետագա ապագան:

Պրոդյուսերի խոսքով՝ գաղափարի նկատմամբ սեփական հետաքրքրությունը կարևոր չափանիշ է։ Նա իրեն նույն հարցն է տալիս՝ արդյոք ինքն անձամբ կցանկանա՞ր դիտել այդ պատմությունը։
Պրոդյուսերական թիմի ծրագրերում միայն խաղարկային կինոն ու սերիալները չեն։ Այս պահին աշխատանքներ են տարվում նաև երկու անիմացիոն նախագծերիի վրա։
Դրանցից մեկը «Վալդակար»-ն է՝ հայկական առաջին անիմացիոն սերիալը։ Այն նախատեսված է երեխաների համար և բաղկացած է 10 էպիզոդից։

Ռաֆայել Թադևոսյանը «Կինոդարանի» մի շարք նախագծերի գլխավոր պրոդյուսերն է։ Նրա աշխատանքների շարքում են «Սուրբը», «84-ի ամառը», «Շախմատիստը», «11» և «Ռաունդ» նախագծերը։
«11» սերիալը պրեմիերայից կարճ ժամանակ անց ռեկորդային դիտումներով դարձավ «Կինոդարանի» ամենադիտված նախագիծը։

Հեղինակ՝ Անի Ավետիսյան








