Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. խորհուրդ է տալիս դերասան Մարիամ Դավթյանը
Ի՞նչ դիտել այսօր երեկոյան: Այս հարցում այսօր կօգնի դերասանուհի Մարիամ Դավթյանը, որը Tert.am Life-ի հետ զրույցում ներկայացրել է այն ֆիլմերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն կինոդիտումների իր ցանկում։
«Նոր կինոթատրոն «Պարադիզո»»
Մարիամի առաջին խորհուրդը Ջուզեպպե Տորնատորեի «Նոր կինոթատրոն «Պարադիզո»» ֆիլմն է։

ֆիլմը սիցիլիացի փոքրիկ Սալվատորեի և կինոյի հանդեպ նրա մեծ սիրո պատմությունն է։ Մանկուց նա ժամանակի մեծ մասն անցկացնում է տեղի կինոթատրոնում՝ «Պարադիզոյում», որտեղ կինոմեխանիկ Ալֆրեդոն դառնում է նրա ուսուցիչն ու մտերիմ ընկերը։ Տարիների ընթացքում Սալվատորեն մեծանում է, հեռանում հայրենի քաղաքից և դառնում կինոռեժիսոր, սակայն կինոթատրոնի ու Ալֆրեդոյի հետ կապված հիշողությունները միշտ մնում են նրա կյանքի կարևոր մասը։
«Այս ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերը շատ եմ հավանում։ Ինձ գրավում է նրա մատուցման ոճը, ֆիլմերի սյուժետային առանձնահատուկ շրջադարձերը և, իհարկե, երաժշտությունը։ Նրա գրեթե բոլոր ֆիլմերի երաժշտության հեղինակը Էնիո Մորիկոնեն է, ում ես պարզապես պաշտում եմ»,– ասել է դերասանուհին։
«Կաբիրիայի գիշերները»
ֆիլմը Կաբիրիայի՝ մեծ սեր գտնելու և կյանքը փոխելու երազանքի մասին է։ Մարմնավաճառությամբ ապրուստ վաստակող հերոսուհին, չնայած բազմաթիվ հիասթափություններին ու մարդկանց դավաճանություններին, չի կորցնում հավատը սիրո ու երջանկության հանդեպ։ Երբ նա հանդիպում է Օսկարին և հավատում, որ վերջապես գտել է իր երջանկությունը, հերթական դաժան հիասթափությունն է սպասվում նրան։ Սակայն Կաբիրիան չի չարանում կյանքի նկատմամբ և շարունակում է առաջ գնալ՝ իր անկրկնելի ժպիտը նվիրելով աշխարհին։

Մարիամ Դավթյանին հատկապես գրավում է ռեժիսորի ձեռագիրը, ինչպես նաև գլխավոր դերակատարուհի Ջուլիետտա Մազինայի խաղը։
«Նրա կերտած կերպարը դաջվել է հիշողությանս մեջ»,– նշել է Մարիամը։
Մարիամի խոսքով՝ «Կաբիրիայի գիշերները» այն ֆիլմերից է, որը տարբեր տարիքում դիտելիս կարող է բոլորովին նոր զգացողություններ առաջացնել։
«Կաբիրիայի գիշերները» մի քանի անգամ եմ դիտել՝ տարբեր տարիքում։ Տարիների ընթացքում փոխվել է իմ վերաբերմունքը շատ երևույթների հանդեպ, փոխվել է նաև այն, թե ինչ եմ նկատում ու տեսնում ֆիլմերում։ Ամեն նոր դիտումով հայտնաբերում եմ մանրուքներ, որոնք նախկինում չէի նկատել։ Նոր դիտում՝ նոր բացահայտում։ Երևի հենց սա է մեծ կինոյի ուժը»,– նշել է դերասանուհին։
«Խեղճուկրակները»
Դերասանուհին առանձնացրել է նաև Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» ֆիլմը, որը վերջին շրջանում դիտած աշխատանքներից ամենատպավորիչներից է եղել իր համար։

Ֆիլմը Բելլա Բաքսթեր անունով մի կնոջ մասին է, ում ինքնասպանությունից հետո էքսցենտրիկ գիտնականը վերակենդանացնում է՝ նրա մարմնում տեղադրելով իր իսկ չծնված երեխայի ուղեղը։ Ֆիլմը ներկայացնում է նրա հասունացման, աշխարհի ճանաչման և ազատագրման յուրօրինակ ու խենթ պատմությունը։
«Այս ֆիլմը դիտելիս ուղղակի սիրահարվեցի ռեժիսորի մատուցման ոճին։ Սոցիալական երգիծանքի և հոգեբանական իրավիճակների մատուցման նրա ձևը ինձ համար շատ հոգեհարազատ է։ Իսկ գլխավոր դերակատարուհու՝ Էմմա Սթոունի խաղը պարզապես ֆանտաստիկ է»,– պատմել է նա։







