Կոլեգաներս բռնեցին ձեռքիցս ու տարան բժշկի մոտ․ Մաշան՝ նիհարելու, վիրահատության որոշման մասին

16:20 • 25.09.26

Դերասանուհի Մաշա Մաթևոսյանը վերջերս ինստագրամյան իր էջում հայտնեց, որ դիմել է բարիատրիկ վիրահատության: Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է իր որոշման, հետվիրահատական շրջանի, գործընկերների աջակցության և նիհարելու արդյունքի մասին։

Մաշան պատմեց, որ վիրահատությունը սպասվածից շատ ավելի հեշտ է եղել։

«Շատ հեշտ էր, իրոք շատ հեշտ։ Ես ավելի բարդ բաներ էի պատկերացնում, բայց ամեն ինչ նորմալ անցավ։ Գլխացավեր կամ նման խնդիրներ ընդհանրապես չեմ ունեցել։ Միայն մեկ անգամ եմ վատ զգացել, երբ մտածում էի, որ ձկան արգանակ եմ խմում, բայց պարզվեց՝ քացախ էր»,– պատմեց նա։

Դերասանուհու խոսքով՝ վիրահատության դիմելու որոշումը միանգամից չի կայացվել։ Երեք տարի շարունակ գործընկերները նրան համոզել են, իսկ վերջնական քայլն արել է նրանց աջակցությամբ։

«Ես ամենավախկոտ մարդն եմ այս աշխարհում։ Երեք տարի ինձ համոզում էին, իսկ հետո կոլեգաներս պարզապես բռնեցին ձեռքիցս ու տարան բժշկի մոտ»,– ասաց Մաշան։

Մաշան անդրադարձավ նաև իր քաշի վերաբերյալ հումորներին, որոնք տարիներ շարունակ եղել են տարբեր հաղորդումներում ու նախագծերում։ Դերասանուհին նշեց, որ դրանք իրեն չեն վիրավորել։

«Ոչ, որովհետև դա սցենար է ընդամենը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է արդեն կորցրած քաշի թվին՝ Մաշան առայժմ չի ցանկանում բացահայտել այն։

«Այս պահին չեմ կարող ասել, որովհետև «Women’s Club»-ի նկարահանման օրը պետք է այդ գաղտնիքը բացահայտեմ»,– նշեց դերասանուհին։ 

 

Հեղինակ ՝ Թամարա Քալանթարյան