Նոր դերերը չեն բացառվում, բայց դերասանությունն իմ գլխավոր նպատակը չէ. Ռոբերտ Մարտիրոսյանը՝ ֆիլմում գլխավոր դերի, նոր նախագծերի, ստեղծագործական մրցակցության մասին
Պրոդյուսեր և հաղորդավար Ռոբերտ Մարտիրոսյանը վերջին շրջանում հանդես է գալիս նաև դերասանական նախագծերում։ Tert.am Life-ը նրա հետ զրուցել է մասնագիտական կյանքի վերջին շրջանի, Instagram-ում հայտնվելու որոշման, հանրային ուշադրության, նոր նպատակների և ստեղծագործական ոլորտում մրցակցության մասին։
Մարտիրոսյանի խոսքով՝ իր մասնագիտական կյանքում այս փուլում էական փոփոխություններ չեն եղել․ շարունակում է զբաղվել տարբեր նախագծերով, այդ թվում՝ Գարիկ Պապոյանի հետ «Կասկածելի երեկո» հաղորդումով և հետնաբեմային աշխատանքներով։
«Ինձ մոտ ամեն ինչ պարզ է, հստակ։ Իմ և Գարիկի «Կասկածելի երեկոն» է, իմ հետնաբեմային աշխատանքներն են և այս ֆիլմը։ Այդպես՝ ուրիշ բան չկա»,– ասաց նա։
Վերջին շրջանում Ռոբերտ Մարտիրոսյանի շուրջ մեծ ուշադրություն էր առաջացրել նաև Instagram-ում նրա հայտնվելը։ Պրոդյուսերը պատմեց, որ երկար ժամանակ չէր ցանկանում սոցիալական ցանցում էջ ունենալ։
«Ես այսքան ժամանակ Instagram-ում էջ չէի ցանկանում ունենալ, որովհետև դա մեծ պատասխանատվություն է։ Մեծ պատասխանատվություն է թե՛ հանդիսատեսի առաջ, թե՛ այն առումով, որ պետք է միշտ այդ զարկերակը պահես։ Ես միշտ ալարում էի դա անել, բայց վերջում որոշեցի՝ լավ, արդեն շատ են ասում, բացեմ Instagram-ում էջ և փորձեմ»,– պատմեց նա։

Էջը բացելուց հետո Մարտիրոսյանը բավական արագ մեծ թվով հետևորդներ ունեցավ։ Հանրային ուշադրությունն իր համար հոգնեցնող չէ։
«Անկեղծ՝ ոչինչ չի հոգնեցնում։ Հանրային մարդ լինելն ինձ չի հոգնեցնում, որովհետև ես շրջում եմ փողոցով, մտնում եմ խանութներ, սուպերմարկետներ, մետրոներ, ցանկացած մարդու հետ կոնտակտի եմ դուրս գալիս և ինձ այդպես հանրային մարդ չեմ համարում։ Դրա համար, երևի, իմ դեպքում այդ հարցը մի քիչ տեղին չէ»,– նշեց նա։
Խոսելով առաջիկա մասնագիտական նպատակների մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ չեն բացառում նոր դերերն ու նախագծերը, սակայն դերասանությունն իր գլխավոր նպատակը չէ։
«Հնարավոր է՝ նույնիսկ որպես գլխավոր դեր սա լինի միակը և անկրկնելին։ Սա փորձ էր, որ ուզեցի փորձել, տեսնել՝ կարո՞ղ եմ, ինձ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ։ Բայց կարող է հետո չլինի էլ։ Իմ առաքելությունն այն չէ, որ ես միշտ ֆիլմերում նկարվեմ։ Կարող է լինի, կարող է չլինի»,– ասաց նա։
Ռոբերտ Մարտիրոսյանը խոսեց նաև ստեղծագործական ոլորտում մրցակցության մասին՝ նշելով, որ իր և գործընկերների դեպքում այն չի խանգարել ընկերական հարաբերություններին։
«Իմ և իմ ընկերների անունից կարող եմ ասել՝ ստեղծագործական այս երկար ճանապարհի ընթացքում, որքան էլ տարբեր ֆիլմերում ու հաղորդումներում մրցակցություն է եղել, այն շատ առողջ և ընկերական է եղել։ Մենք նույնիսկ իրար աջակցել ու օգնել ենք։ Երբեք չի եղել նախանձի կամ իրար վատաբանելու հողի վրա, որովհետև պետք է ինչ-որ բան անես հանուն քո գաղափարի, այլ ոչ թե հատուկ ինչ-որ մեկի դեմ։ Եթե ինչ-որ բան դիտմամբ ես անում, դա հաջողությամբ չի պսակվում»,– ընդգծեց նա։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան








