Ես ոտնձգությունների շատ եմ ենթարկվել. Էլլա Տարունցը՝ տարիների լռության պատճառի մասին

15:13 • 28.09.26

Երգչուհի Էլլա Տարունցը էկրաններից 10 տարվա բացակայությունից հետո որոշել է խոսել իր անցած ճանապարհի, այդ տարիներին լռելու պատճառների և այն դժվարությունների մասին, որոնց բախվել է կարիերայի ընթացքում։

Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակում Էլլան անկեղծացել է, որ եթերներում չլինելու և որոշ միջոցառումների չմասնակցելու հիմնական պատճառներից մեկն իր նկատմամբ եղած ոտնձգություններն են եղել։

«Ես ոտնձգությունների շատ եմ ենթարկվել, շատ-շատ։ Հիմնականում եթերներում չլինելու կամ ինչ-որ միջոցառումներին չմասնակցելու պատճառը հենց այդ ոտնձգություններից խուսափելն էր։ Ես ցավում եմ, որ ունեցել եմ նման տարիներ»,– ասել է նա։

Երգչուհու խոսքով՝ եղել են դեպքեր, երբ նույն երգը ստիպված է եղել բեմում բազմաթիվ անգամներ կատարել։ Սակայն խնդիրը միայն այդ պահանջը չի եղել․ որոշ իրավիճակներում նա իրեն անվտանգ չի զգացել։

«Վիրավորանքը այն էր, որ նաև ագրեսիա կար։ Դու չգիտեիր՝ բեմում կմնաս մինչև վերջ, թե ինչ-որ բան քեզ հետ կկատարվի։ Եղել են շատ դեպքեր»,– պատմել է Էլլան։

Նա նշել է, որ նման իրավիճակներում հաճախ օրենքի պաշտպանությանը դիմելու փոխարեն հարցերը լուծվել են ազդեցիկ մարդկանց միջոցով։

«Ամենացավալին այն էր, որ հիմնականում այդ հարցերի լուծումը թաղային հեղինակություններով ավելի շատ էր լինում, քան օրենքին դիմելը, որ քեզ պաշտպանի։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ամենասարսափելին այն է, որ դու գիտակցում ես՝ քեզ պիտի պաշտպանի օրենքը, բայց հասկանում ես, որ այնտեղ չունես պաշտպանություն»,– ասել է երգչուհին։

Էլլան նաև խոսել է սեռական ոտնձգությունների մասին՝ ընդգծելով, որ իր պատմությունը հրապարակայնորեն ներկայացնելու կարևոր պատճառներից մեկը երիտասարդ աղջիկներին նման իրավիճակներից հնարավորինս պաշտպանելն է։

«Փառք Աստծո, ես կարողացել եմ հասնել այն մակարդակին, որ չկինեն շատ ավելի ճակատագրական բաներ, բայց եղել են դեպքեր, որ ես փախել եմ ինչ-որ միջոցառումներից։ Եղել են դեպքեր, երբ իրենց սպասումները չարդարացնելու պատճառով ինձ ասել են՝ թող գնա»,– պատմել է նա։

Երգչուհին խոստովանել է, որ այդ տարիներին սկզբում իրեն շատ անօգնական էր զգում, սակայն հետո ստիպված է եղել ինքնուրույն լուծումներ գտնել։

«Սկզբնական շրջանում ես շատ խեղճանում էի, շատ։ Հետո ինձ թափ էի տալիս, որ լուծումներ գտնեմ ու գտնում էի լուծումներ։ Ես ինքս տեսակով շատ ուժեղ եմ»,– նշել է Էլլան։

Նրա խոսքով՝ ուժեղ մնալու համար ինքն իր վրա մեծ աշխատանք է կատարել․ կարդացել է, վավերագրական նյութեր դիտել և փորձել հասկանալ, թե ինչպես կարող է պաշտպանել իրեն ու չկործանվել այդ փորձությունների հետևանքով։

«Ես արվեստով եմ միշտ ապրել, երգելով եմ միշտ ապրել։ Եթե չերգեի, չգիտեմ՝ ոնց պիտի ապրեի։ Բայց պիտի նաև դրա իմունիտետն ունենայի։ Վախենալով ոչինչ չէի կարողանալու»,– ասել է նա։

Էլլա Տարունցը խոստովանել է, որ տարիներ անց էլ այդ փորձությունների հետևանքներն իր կյանքում զգացել է։