«Ճերմակ շապիկ». նոր ֆիլմ՝ սիրո, ազատության ու կարոտի մասին (լուսանկարներ)

15:31 • 11.09.26

«Ճերմակ շապիկ» հոգեբանական ժանրի ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել էր սեպտեմբերի 9-ին՝ «Կինոմոսկվա»-ում, իսկ սեպտեմբերի 10-ին «Ճերմակ շապիկը» պաշտոնապես բարձրացավ մեծ էկրաններ։ MONK3 PRODUCTION-ի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը պատմում է մի ճակատագրական գիշերվա մասին, որն ամբողջությամբ փոխում է հարուստ գործարարի որդու՝ Մարկի կյանքը։ 

Փորձելով խուսափել պատժից՝ Մարկը հայտնվում է մի վայրում, որտեղ հանդիպում է Սալլիին։ Նրանց համատեղ փախուստը վերածվում է ներքին պայքարի, որի ընթացքում Մարկը ստիպված է առերեսվել իր մեղքերին ու վախերին և վերանայել կյանքի իսկական արժեքները։

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակը՝ Անի Մաղաքյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարո Նաղդալյանը։ Գլխավոր դերերում են Մերի Քոչարյանն ու Թելման Խաչատրյանը։

Կարո Նաղդալյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծողները պատասխանատվություն են զգում այն հույզերի համար, որոնք այն կարող է առաջացնել հանդիսատեսի մոտ։

«Ֆիլմի ասելիքը մարդկանց հուզելն է, իսկ կստացվի, թե ոչ՝ կհասկանաք ճերմակ անձեռոցիկների քանակից»,- պրեմիերայից առաջ ասաց նա։

Սակայն ֆիլմի նպատակը միայն հուզելը չէ։ Կարո Նաղդալյանի ձևակերպմամբ՝ պատմությունը նաև մարդու կատարած քայլերին ու դրանց հետևանքներին ուշադրություն դարձնելու մասին է՝ չանտեսելով այն նրբություններն ու դետալները, որոնք հաճախ շրջանցում է։ Միջանձնային հարաբերություններ, հոգեկերտվածք, մտածողություն, ճիշտ ու սխալ ընտրություններ․ ինչպես ասում է պրոդյուսերը՝ «դա մարդու մասին է»։

Ֆիլմի գլխավոր դերակատար Մերի Քոչարյանի համար Սալլիի կերպարը մեծ պատասխանատվություն է եղել։ Դերասանուհին պատմեց, որ սցենարի հեղինակը հենց իրեն էր պատկերացրել այդ կերպարում։

«Երբ իմացա, որ սցենարը գրելիս Անի Մաղաքյանը Սալլիի կերպարում պատկերացրել է ինձ, պատասխանատվությունս եռապատկվեց և միևնույն ժամանակ շատ վախեցա»,- պատմեց Մերին։

Սալլին Մերիի համար նաև բարդ մարտահրավեր է եղել, քանի որ, դերասանուհու խոսքով՝ իր և կերպարի միջև նմանություններ չկան։

«Նմանություններ չունեմ կերպարի հետ, և դա էլ ավելի հետաքրքիր ու ինչ-որ տեղ բարդ է դարձնում իմ աշխատանքը»,- Tert.am Life-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա։

Ֆիլմի գլխավոր դերակատար Մարկին մարմնավորած Թելման Խաչատրյանն էլ հանդիսատեսին նախքան կինոդիտումը մեկ պարզ ուղերձ հղեց․ «Պետք է դիտել այս ֆիլմը, սիրել, և եթե կարող ենք՝ որևէ բարի բան կատարենք»։

«Ճերմակ շապիկ»-ը նկարահանվել է ընդամենը 13 օրում, մինչդեռ նախապատրաստական աշխատանքները տևել են մինչև երեք ամիս։ Ստեղծագործական թիմի համար նկարահանման ընթացքում դժվարություններից մեկը ձմեռային ցուրտ եղանակն էր, որը բարդացնում էր աշխատանքի պայմանները։







Հեղինակ՝ Անի Ավետիսյան