Ես ապրում էի սարսափի մեջ. Օքսանա Սամոյլովան՝ Ջիգանի հետ կյանքի, սպառնալիքների և ամուսնալուծության մասին
Օքսանա Սամոյլովան Քսենիա Սոբչակի «Настоящая жизнь Оксаны Самойловой» երեք մասից բաղկացած հարցազրույցում առաջին անգամ մանրամասն խոսել է Ջիգանի հետ իր հարաբերությունների, տարիների ընթացքում տեղի ունեցած նրա պոռթկումների, ընտանիքում ստեղծված իրավիճակի և ամուսնալուծության որոշման մասին։
Զրույցի ընթացքում Սամոյլովան խոստովանել է, որ Ջիգանի վարքագծի հետ կապված խնդիրները սրվել են 2020 թվականին։
Նրա խոսքով՝ այդ ժամանակից հետո ինքը երկար ժամանակ շարունակել է հարաբերությունները՝ չիմանալով, թե ինչպիսին կարող է լինել կյանքն այլ հարաբերություններում «Ամենադաժան ցնցումը 2020 թվականին էր։Պատկերացրու՝ ես 20 տարեկանից նրա հետ եմ։ Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչ են այլ հարաբերությունները։ Երբ նույն միջավայրում ես ապրում, սկսում ես մտածել, որ դա նորմալ է»,– ասել է նա։
Սամոյլովայի խոսքով՝ երկար տարիներ ինքը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի ընտանիքում խաղաղություն լինի։ Նա նաև խոստովանել է, որ հեշտությամբ էր հավատում ամուսնու խոստումներին և հաճախ կասկածի տակ էր դնում սեփական ընկալումները։ Նրա մայրը՝ Եվգենիան, նույնպես մասնակցել է հարցազրույցին։ Կնոջ խոսքով՝ ինքը դեռ 2020 թվականին էր խորհուրդ տվել դստերը հեռանալ Ջիգանից։
Նա պատմել է, որ ժամանակի ընթացքում սկսել էր վախենալ դստեր և թոռների անվտանգության համար և ընտանիքում ստեղծված իրավիճակը համեմատել է վառոդի տակառի վրա ապրելու հետ։ Սամոյլովան նաև պնդել է, որ ամուսնության ընթացքում Ջիգանը մեկից ավելի անգամ իրեն ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնացել։ Նրա խոսքով՝ մի դեպքի ժամանակ նա ատրճանակ է պահել իր գլխին, իսկ մեկ այլ դեպքում խոսել է նրան թաքուն թունավորելու հնարավորության մասին։
«Նա ատրճանակ էր պահել գլխիս և սպառնացել։ Դա մահ է։ Նրա համար ինձ սպանելն ավելի հեշտ կլինի»,– ասել է Սամոյլովան։ Նա նաև պատմել է 2022 թվականի մի դեպքի մասին, երբ, իր խոսքով, Ջիգանը տանը զենքով կրակել է պատերին և առաստաղին։ Սամոյլովայի պատմելով՝ այդ պահին ինքը փորձել է երեխաներին հեռացնել վտանգավոր իրավիճակից, իսկ տան վնասվածքները հետագայում վերանորոգվել են։
Օքսանան ընդգծել է, որ տարիներ շարունակ իրեն պահել է նաև ընտանիքը պահպանելու ցանկությունը։ Նրա խոսքով՝ մանկուց ընտանիքի գաղափարը իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել, քանի որ վաղ տարիքում կորցրել է հոր ներկայությունը և միշտ երազել է կայուն ընտանիքի մասին։
«Երևի ինձ շատ էր պետք ընտանիքը։ Ես նույնիսկ այսօր չեմ կարողանում հստակ պատասխանել՝ ինչու և ինչի համար այդքան երկար մնացի այն հարաբերություններում, որոնցում, ըստ էության, ինձ լավ չէի զգում»,– խոստովանել է նա։
Սամոյլովան նաև անդրադարձել է իրենց ընտանիքի ֆինանսական հարցերին՝ հերքելով այն պատկերացումը, թե տարիներ շարունակ ամբողջությամբ կախված է եղել Ջիգանի եկամուտներից։ Նրա խոսքով՝ ինքը գրեթե միշտ աշխատել է, բացառությամբ հղիության ընթացքում։ Հարցազրույցի ընթացքում խոսվել է նաև 2026 թվականի ամռանը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին, որի վերաբերյալ տարբեր հրապարակումներ են տարածվել։
Սամոյլովան ներկայացրել է իր և ընտանիքի տեսանկյունը, իսկ Ջիգանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նրա փաստաբանը ևս հայտարարել է, որ զենքի հետ կապված հրապարակված կադրերը երաժշտական տեսահոլովակի նկարահանման հատվածներ են, իսկ սպառնալիքների մասին տեղեկությունները չի հաստատել։ Սամոյլովայի խոսքով՝ այս ամենից հետո ինքը ստիպված է եղել ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների անվտանգությանը։
Նա հայտնել է, որ ուժեղացրել է անվտանգությունը, երեխաների համար հոգեբան է ներգրավել և դատարան է դիմել՝ պահանջելով սահմանափակել նախկին ամուսնու ծնողական իրավունքները և երեխաների բնակության վայրը սահմանել իր մոտ։ Նրա խոսքով՝ ամենամեծ վախն այժմ ոչ թե անցյալում տեղի ունեցածն է, այլ Ջիգանի հնարավոր վերադարձը վերականգնողական կենտրոնից։ «Ես պարզապես ընտրություն չունեմ։
Ես պետք է կրկին գնամ դատարան և խնդրեմ միանձնյա խնամակալություն։ Ես չեմ ուզում դա անել, բայց այլևս ընտրություն չունեմ»,– ասել է Օքսանան։ Սամոյլովայի մայրը ևս պատմել է, որ դստեր ամուսնալուծության որոշումից հետո Ջիգանը, իր պնդմամբ, իրեն զանգահարել և սպառնացել է սպանել Օքսանային և երեխաներին։ Այս հայտարարությունը ևս Ջիգանի կողմը հերքել է՝ այն անվանելով սուտ և սադրանք։
Հարցազրույցի ընթացքում Սամոյլովան անդրադարձել է նաև ամուսնու դավաճանություններին, վերահսկողությանը, սեփական եկամուտներին, երեխաների հետ կապված խնդիրներին և այն պատճառներին, որոնց պատճառով տարիներ շարունակ լռել է։
Նրա խոսքով՝ ինքը երկար ժամանակ փորձել է հարթել ամեն բան, պահպանել ընտանիքը և հավատալ, որ իրավիճակը կփոխվի։ Սամոյլովայի և Ջիգանի հարաբերությունները սկսվել են 2008 թվականին։ Զույգն ունի չորս երեխա։ Նրանց ամուսնալուծության մասին հայտնի դարձավ 2025 թվականին, իսկ 2026 թվականին Սամոյլովան առաջին անգամ այսքան մանրամասն հրապարակայնորեն խոսեց իրենց ընտանեկան կյանքի մասին։









