Մեկ in Մեկ․ Արկադի Դումիկյանի ու Գոհար Ավետիսյանի կինոդեբյուտը, դերասանական կազմն ու ֆիլմի ստեղծման պատմությունը (լուսանկարներ)

15:03 • 25.09.26

Հայկական կինոդարանը համալրվել է նոր կատակերգական ֆիլմով՝ «Մեկ in Մեկ»: Ֆիլմի պրեմիերայի ընթացքում Tert.am Life-ը զրուցել է ստեղծագործական թիմի և դերասանական կազմի անդամների հետ՝ պարզելու, թե ինչ պատմություն է ներկայացնում ֆիլմը, ինչպես են անցել նկարահանումները և ինչ են սպասում նախագծից դրա հեղինակներն ու դերասանները։

Ֆիլմի պատմությունը ֆինանսական խնդիրների մեջ հայտնված երեք ընկերների՝ պրոդյուսեր Լևոնի, դիմահարդար Գոհարի և դերասան Արամի շուրջ է։ Արամն ունի Արկադի Դումիկյանին արտասովոր ճշգրտությամբ նմանակելու կարողություն։ Ընկերները որոշում են օգտագործել այդ տաղանդը՝ ստեղծելով երգչի կրկնօրինակը և դրա միջոցով գումար աշխատելով։ Սակայն իրավիճակը շուտով բարդանում է, երբ ստեղծված կերպարը սկսում է ապրել իր սեփական կյանքով, իսկ իրական Արկադի Դումիկյանը սկզբում տեղյակ չէ կատարվողից։

Ֆիլմում առաջին ամգա մեծ դերով հանդես է եկել նաև Արկադի Դումիկյանը։ Երգչի խոսքով՝ մեծ էկրանին իրեն տեսնելը նոր փորձ էր։

«Այս ձևաչափով մեծ էկրանին՝ առաջին անգամ էի: Նախկինում էլ մեկ ֆիլմում նկարահանվել եմ, բայց սա նոր փորձ էր»,– նշել է նա։

Դումիկյանի համար կարևոր էր նաև հայ դերասանների հետ աշխատանքը։ Նա առանձնացրել է Գոհար Ավետիսյանի հետ նկարահանվելը՝ նշելով, որ նման գործընկերների կողքին հանդես գալն իր համար մեծ պատիվ էր։

Ֆիլմում առաջին անգամ որպես դերասան հանդես է եկել նաև Գոհար Ավետիսյանը։ Դիմահարդարը պատմել է, որ ֆիլմում նկարահանվելն իր մանկության երազանքն է եղել: Նա նշել է, որ նկարահանումները երկար ու հագեցած էին, սակայն սիրել է ընթացքն ու ուրախ է, որ համաձայնել է։

Դերասանական կազմում են նաև Մկրտիչ Արզումանյանը, Զիրոյանը, Թամարա Պետրոսյանը, Մարինկա Խաչատրյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Անժելա Սարգսյանը և այլք։

Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը նշել է, որ «Մեկ in Մեկ»-ի նպատակը միայն հերթական ֆիլմ ստեղծելը չէ։ Նրա խոսքով՝ կարևոր է հանդիսատեսին դրական հույզեր փոխանցելն ու կինոթատրոն գնալու մշակույթի զարգացումը։ 

 

 

Հեղինակ ՝Թամարա Քալանթարյան