Սա ինձ համար նոր ու հետաքրքիր փորձ էր. Արկադի Դումիկյանը՝ ֆիլմում առաջին դերի, Գոհար Ավետիսյանի հետ աշխատանքի մասին
Արկադի Դումիկյանն առաջին անգամ մասնակցել է լայնամասշտաբ ֆիլմի նկարահանումներին և ներկայացել որպես դերասան: Tert.am Life-ը նրա հետ զրուցել է ֆիլմում իր փորձի, Գոհար Ավետիսյանի և հայ դերասանների հետ աշխատանքի մասին։
Դումիկյանի խոսքով՝ մեծ էկրանին իրեն տեսնելը նոր փորձ էր։
«Այս ձևաչափով մեծ էկրանին՝ առաջին անգամ էր։ Նախկինում էլ մեկ ֆիլմում նկարահանվել եմ, բայց սա նոր փորձ էր»,– ասաց նա։
Tert.am Life-ի հարցին՝ ինչպե՞ս էր հայ դերասանների, մասնավորապես՝ Գոհար Ավետիսյանի հետ աշխատանքը, Դումիկյանը նշեց, որ նման փորձն իր համար մեծ պատիվ էր։
«Ինձ համար մեծ պատիվ էր։ Դուք անգամ չեք կարող պատկերացնել՝ ինչ զգացողություն է նման լուրջ դերասանների հետ աշխատելն ու ֆիլմում իմ դերասան լինելը»,– ասաց նա։

Երգիչը նշեց, որ դերասանական աշխատանքի ընթացքում առանձնահատուկ դժվարություններ չի ունեցել։
«Ինձ թվում է՝ բարդություն չի եղել։ Բայց դա ավելի լավ է՝ իրենց հարցնեք, թող իրենք ասեն։ Ինձ համար ամեն ինչ շատ հեշտ անցավ»,– նշեց Դումիկյանը։
Խոսելով վերջնական արդյունքի մասին՝ նա առանձնացրեց շան մասնակցությամբ տեսարանը։
«Շատ ծիծաղելի էր այն պահը, երբ շունը փախչում էր։ Դա ինձ շատ դուր եկավ։ Մնացածն էլ ամեն ինչ շատ լավ էր։ Միայն իմ նմանակման ժամանակ մազերը մի քիչ քիչ էին արել»,– կատակեց նա։

Միաժամանակ Դումիկյանը խոստովանեց, որ դժվարանում է իր մասնակցությամբ ֆիլմը դիտել որպես սովորական հանդիսատես։
«Ես չեմ կարողանում ֆիլմը լիարժեք որպես կինո նայել, որովհետև այն կապված է ինձ հետ։ Երբ ինձ եմ տեսնում, այլ կերպ եմ ընկալում։ Շատ կուզեմ, որ դուք՝ որպես հանդիսատես, ձեր կարծիքն ասեք՝ կինոն ինչպիսին է»,– ասաց նա։
Ֆիլմում Արկադի Դումիկյանի դեմքն ու ձայնն արհեստական բանականության օգնությամբ կեղծելով՝ հերոսները կարողանում են հեշտությամբ գումար աշխատել։ Tert.am Life-ը հետաքրքրվեց երգչից՝ արդյոք դա չի՞ առաջացնում մտահոգություն, որ իրական կյանքում էլ կարող են իր կերպարով կամ ձայնով նման բան անել։
«Չեմ կարծում, որ նման բան կլինի։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է իմ նմանությամբ գնալ ու իմ փոխարեն գումար աշխատել։ Հիմա էլ բոլորը գիտեն՝ որն է արհեստական բանականությունը»,– նշեց Դումիկյանը։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան








