Ի՞նչ կրել այս աշնանը․ ոճաբանը՝ սեզոնի թրենդային գույների, նորաձև իրերի, ոճային կերպարի գաղտնիքների մասին
Աշնանային զգեստապահարան ձևավորելիս կարևոր է ոչ թե պարզապես հետևել սեզոնի միտումներին, այլ ընտրել այնպիսի իրեր, որոնք համապատասխանում են մարդու ապրելակերպին, ընդգծում են նրա անհատականությունը և հեշտությամբ համադրվում արդեն իսկ ունեցած հագուստի հետ։
Tert.am Life-ի հետ զրույցում ոճաբան Մարիամ Մելիք-Բախշյանը ներկայացրեց աշնանային ֆունկցիոնալ զգեստապահարան ձևավորելու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել սեզոնի արդիական գույներին ու առանցքային միտումներին։

Ոճաբանի խոսքով՝ արդյունավետ զգեստապահարանը չի որոշվում իրերի քանակով։ Նույնիսկ սահմանափակ բյուջեով հնարավոր է ձևավորել բազմազան և աշխատող զգեստապահարան, եթե գնումները կատարվեն համակարգված և մտածված։ Այդ նպատակով կարելի է առաջնորդվել կապսուլային զգեստապահարանի սկզբունքով, որի դեպքում յուրաքանչյուր նոր իր պետք է համադրվի զգեստապահարանի մի քանի այլ տարրերի հետ՝ հնարավոր դարձնելով տարբեր կերպարների ստեղծումը։
«Նոր իր գնելուց առաջ խորհուրդ եմ տալիս մտովի կազմել առնվազն երեք ամբողջական կերպար՝ այն համադրելով արդեն իսկ ունեցած հագուստի հետ։ Եթե չենք կարողանում տեսնել այդ իրի կիրառման առնվազն երեք տարբերակ, մեծ է հավանականությունը, որ այն կդառնա զգեստապահարանի հերթական չօգտագործվող գնումը»,- նշեց Մելիք-Բախշյանը։
Նրա խոսքով՝ զգեստապահարանի կառուցվածքը պետք է առաջին հերթին արտացոլի մարդու իրական առօրյան։ Եթե ժամանակի մեծ մասն անցնում է աշխատանքային միջավայրում, բնականաբար, զգեստապահարանում պետք է գերակշռեն գործնական կերպարների համար նախատեսված իրերը։ Նույն տրամաբանությամբ պետք է գնահատել առօրյա, սպորտային և երեկոյան հագուստի անհրաժեշտ ծավալը։
«Հաճախ մարդիկ գնում են այնպիսի հագուստ, որը համապատասխանում է իրենց պատկերացրած, բայց ոչ իրական կյանքին։ Արդյունքում՝ զգեստապահարանում կուտակվում են գեղեցիկ, սակայն գրեթե չօգտագործվող իրեր։ Ճիշտ կառուցված զգեստապահարանը պետք է սպասարկի մարդու առօրյան, այլ ոչ թե բարդացնի այն»,- ընդգծեց ոճաբանը։
Մելիք-Բախշյանը խորհուրդ է տալիս զգեստապահարանի հիմնական մասը ձևավորել պարզ, որակյալ և բազմաֆունկցիոնալ իրերից, իսկ սեզոնային թարմությունն ապահովել արտահայտիչ գույների, տեքստուրաների, աքսեսուարների կամ մեկ-երկու թրենդային տարրի միջոցով։ Ընտրություն կատարելիս կարևոր է գնահատել ոչ միայն իրի արտաքին տեսքը, այլև դրա ձևվածքը, համամասնությունները, երկարությունն ու մարմնի կառուցվածքին համապատախանեցումը։
Անդրադառնալով սեզոնի գունային միտումներին՝ ոճաբանը նշեց, որ այս աշնանն առանձնապես արդիական են մանուշակագույնը, շոկոլադագույնը, վառ կարմիրը, գինեգույնը, էլեկտրիկ կապույտը և կարագային դեղինը։

Սակայն, նրա համոզմամբ, գույները չեն հնանում․ փոխվում են դրանց գերիշխող երանգները, համադրություններն ու ներկայացման ձևերը։
«Չի կարելի պնդել, որ որևէ գույն այլևս նորաձև չէ։ Յուրաքանչյուր սեզոն որոշակի երանգներ հայտնվում են ուշադրության կենտրոնում, բայց դա չի նշանակում, որ մյուս գույները կորցնում են իրենց արդիականությունը։ Շատ ավելի կարևոր է, թե տվյալ գույնն ինչպես է համադրված, ինչ նյութի և ձևվածքի միջոցով է ներկայացված ու որքանով է համապատասխանում այն կրող մարդուն»,- ասաց Մելիք-Բախշյանը։
Գույների համադրման ամենապարզ և անվտանգ տարբերակներից է ցանկացած ընդգծված երանգի համադրումը չեզոք գույների՝ սևի, սպիտակի կամ մոխրագույնի հետ։ Ներդաշնակ լուծում է նաև մոնոխրոմ սկզբունքը, երբ մեկ կերպարում օգտագործվում են նույն գույնի տարբեր երանգներ և տեքստուրաներ։
Ավելի համարձակ համադրությունների դեպքում կարելի է առաջնորդվել գունային անիվով՝ ընտրելով փոխլրացնող կամ հարակից երանգներ։ Կարևոր է հաշվի առնել նաև գույների հագեցվածությունը․ նույն ինտենսիվությունն ունեցող երանգները՝ մուգը մուգի, պաստելայինը պաստելայինի, վառը վառի հետ, սովորաբար ստեղծում են ավելի ամբողջական և հավասարակշռված գունային պատկեր։

Աշնան առանցքային միտումներից Մելիք-Բախշյանն առանձնացրել է կոկորդիլոսի կաշվի էֆեկտով ֆակտուրաները։ Այս արտահայտիչ տեքստուրան ներկայանում է ոչ միայն պայուսակների և կոշիկների, այլև տաբատների, բաճկոնների և այլ հագուստի տարրերի վրա։




Նորաձևության մեջ հաստատուն դիրքը շարունակում է պահպանել նաև թրենչը։ Դասական այս իրն ընթացիկ սեզոնին վերաիմաստավորվում է ավելի ազատ ձևվածքների, ընդգծված ուսագծի, ծավալուն համամասնությունների և երկարացված ուրվագծերի միջոցով։
Ըստ ոճաբանի՝ թրենչի առավելությունն այն է, որ այն միաժամանակ կարող է լինել և՛ բազային, և՛ կերպարի գլխավոր շեշտադրումը՝ կախված ձևվածքից ու ոճավորումից։




Սեզոնի կարևոր ուղղություններից է նաև շոկոլադագույն թավշակաշին (замш): Թավշակաշվից բաճկոնները, լոֆերներն ու պայուսակները կերպարին հաղորդում են խորություն և հարուստ տեքստուրա՝ միաժամանակ հեշտությամբ համադրվելով աշնանային չեզոք ներկապնակի հետ։ Արդիական են մնում նաև կիսատաբատները, որոնք ավելի շահեկան է կրել սրածայր բարձրակրունկ կոշիկների հետ։




Սպորտային կոշիկների դեպքում գերիշխում են ցածր, բարակ ներբանով և երկարավուն ուրվագծով մոդելները։ Իսկ աշնանային բազային կոշիկների շարքում ոճաբանն առանձնացնում է լոֆերները՝ որպես տարբեր ոճերի մեջ հեշտությամբ ինտեգրվող և երկարաժամկետ կիրառելի տարբերակ։






Անդրադառնալով զարդերի ընտրությանը՝ Մարիամ Մելիք-Բախշյանն ընդգծեց, որ այստեղ հատկապես կարևոր է անհատական մոտեցումը։
«Գոյություն չունի մեկ ունիվերսալ զարդ, որը հավասարապես կհամապատասխանի բոլորին։ Զարդը պարզապես կերպարը լրացնող դետալ չէ․ այն կարող է արտահայտել մարդու բնավորությունը, արժեքներն ու ինքնությունը։ Հետևաբար դրա ընտրությունը չպետք է թելադրվի միայն տվյալ պահի միտումներով»,- նշեց նա։

Ոճաբանը խոսեց նաև հայկական նորաձևության ոլորտի զարգացման մասին՝ նշելով, որ վերջին տարիներին հայկական բրենդներն ավելի ակտիվ և հետևողական են ներկայանում միջազգային նորաձևության շաբաթներին, ցուցահանդեսներին ու մասնագիտական հարթակներում։
«Միջազգային հարթակում հայտնվելն ինքնին կարևոր ձեռքբերում է, սակայն դա միայն առաջին քայլն է։ Երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար հայկական բրենդներին անհրաժեշտ են ճանաչելի ինքնություն, ժամանակակից դիզայն, կայուն որակ, հստակ դիրքավորում և միջազգային շուկայի հետ աշխատելու պատրաստակամություն։ Մենք ունենք պատմողական ու մշակութային շատ հարուստ հիմք, և կարևոր է այն ներկայացնել արդիական լեզվով՝ առանց ինքնությունը կորցնելու»,- եզրափակեց Մարիամ Մելիք-Բախշյանը։








