«Բարի գալուստ». Իրինա Հարությունյանը՝ նոր սիթքոմի, Հունաստանում նկարահանումների, իր կերպարի մասին
Հոկտեմբերի 20-ից Shant.tv-իի եթերում կլինի «Բարի գալուստ» նոր սիթքոմը, որի իրադարձությունները զարգանում են հյուրանոցում։ Նախագծի սցենարի հեղինակներն են Հայկ Սարգսյանը, Արտակ Վասիլյանն ու Աղաս Մանուկյանը, որը նաև նախագծի պրոդյուսերն է: Սիթքոմի նկարահանումներն անցկացվել են Հունաստանում։
Tert.am Life-ը նախագծի մասին զրուցել է դերասանուհի Իրինա Հարությունյանի հետ, որը մարմնավորում է տիկին Էլլադային՝ հյուրանոցի տնօրենին։

«Տիկին Էլլադան բավականին հետաքրքիր կերպար է։ Նա խելացի է, որոշ չափով հումորային, միևնույն ժամանակ՝ զգոն ու խիստ։ Փորձում է կարգավորել հյուրանոցի առօրյան, աշխատանքային տեմպն ու ռիթմը, սակայն հայտնվում է բավականին տարօրինակ իրավիճակներում»,- պատմել է դերասանուհին։
Սիթքոմի առանձնահատկություններից մեկն էլ նկարահանման վայրն է։ Հյուրանոցի տեսարանները նկարահանվել են Հունաստանում՝ այն հյուրանոցում, որտեղ ապրել է ամբողջ ստեղծագործական թիմը։
«Սիթքոմը հյուրանոցի պատմություն է, մենք ապրում էին այն հյուրանոցում, որտեղ զարգանում էին իրադարձությունները։ Ամբողջ հյուրանոցում միայն մենք էինք՝ մեր թիմը՝ 24 հոգի։ Շատ լավ թիմ էր հավաքվել՝ դերասանական հիանալի կազմով»,- նշել է Իրինան։

Դերասանուհու խոսքով՝ նախագծի առանձնահատկությունը միայն պատմությունը կամ նկարահանման վայրը չէ։ Նա կարծում է, որ սիթքոմը տարբերվող է նաև հեղինակների մոտեցման շնորհիվ։
«Մեր սցենարիստների՝ Հայկի, Աղասի ու Արտակի շնորհիվ այս սիթքոմը տարբերվող է լինելու։ 8 սերիանոց սցենարով գնացինք Հունաստան, իսկ 16 սերիայով վերադարձանք։ Սցենարիստները, տեսնելով կերպարներին արդեն նկարահանման ընթացքում, որոշ տեսարանների համար նոր իրավիճակներ ու նոր հումորներ էին ստեղծում»,- ասել է նա։

Նկարահանումները մեկնարկել են օգոստոսի 10-ին և ավարտվել սեպտեմբերի 2-ին։ Իրինայի խոսքով՝ այդ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ինչն առաջին հերթին հնարավոր է եղել թիմի ներսում ձևավորված վստահության շնորհիվ։
«Ամբողջ անձնակազմը մեծ աշխատանք է տարել։ Դա իսկապես խմբային աշխատանք էր․ մեկը մյուսին օգնելով՝ մենք մի բռունցք էինք դարձել։ Բոլորս մի գաղափարի շուրջ էինք հավաքվել և բոլորս վարակվել էինք այդ գաղափարով»,- պատմել է դերասանուհին։

Նրա խոսքով՝ նկարահանման ողջ ընթացքում թիմի համար աշխատանքը պարզապես հերթական նախագիծ չի եղել։
Ասում է՝ նկարահանումների ընթացքում ստեղծված մթնոլորտն այնքան տարբեր էր սովորական աշխատանքային առօրյայից, որ այդ զգացողությունը, իր համոզմամբ, կփոխանցվի նաև էկրանից։
Հեղինակ՝ Անի Ավետիսյան








