Հայրս հшրվшծnւմ էր ինձ, հետո գնում եկեղեցի. Սիլվեսթեր Ստալոնեն՝ ծանր մանկության մասին

16:12 • 28.09.26

Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեն The New York Times-ին տված հարցազրույցում անկեղծորեն խոսել է իր մանկության մասին՝ պատմելով բռնության, լքվածության և ծնողական սիրո բացակայության մասին։

Դերասանը նշել է, որ ինքնակենսագրական գրքում միտումնավոր չի ներառել իր կյանքի ամենամութ դրվագներից մի քանիսը, քանի որ չէր ցանկանում, որ ընթերցողները խղճան իրեն։

«Գրքում շատ բաներ չեմ գրել, որովհետև չէի ուզում, որ ամեն ինչ վերածվեր խղճահարության, բայց դա իսկապես անհավանական էր»,– ասել է նա։

Ծնողների ամուսնալուծությունից հետո Ստալոնեն որոշ ժամանակ ապրել է Մերիլենդում՝ հոր հետ, ում նկարագրել է որպես անկանխատեսելի և բռնի մարդ։

Դերասանը հիշել է մի դեպք, երբ հայրը նրան եկեղեցի գնալուց առաջ խանութ էր ուղարկել հաց գնելու։ Խանութում հանդիպելով ընկերներին՝ Ստալոնեն տուն էր վերադարձել ընկույզով հացով։

«Նա ոտքով հարվածեց որովայնիս, հարվածեց ինձ, գցեց գետնին, նստեց մեքենան ու գնաց եկեղեցի»,– պատմել է դերասանը։

Ստալոնեի խոսքով՝ ինքը մնացել էր փողոցում՝ գետնին պառկած։

Իր հայտնի «Ռեմբո» կերպարի վայրի ուժգնության մասին խոսելիս Ստալոնեն այդ բնավորության գիծը կապել է իր ընտանիքի հետ։

«Երբ մարդիկ հարցնում են՝ որտեղի՞ց է գալիս Ռեմբոյին մարմնավորելու այդ կատաղությունը, պատասխանը մեկն է՝ գենետիկ է»,– ասել է նա։

Դերասանը նաև նշել է, որ մանկության տարիներին մայրը ևս իր հանդեպ գրեթե երբեք ջերմություն չի դրսևորել։