Dolce & Gabbana, Prada, Ferragamo․ աստղային կերպարները Միլանի նորաձևության շաբաթից

17:45 • 23.09.26

Միլանի նորաձևության շաբաթը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը։ Նորաձևության գլխավոր իրադարձություններից մեկի շրջանակում 2027 թվականի գարնանային հավաքածուները կներկայացնեն այնպիսի նորաձևության տներ, ինչպիսիք են Prada-ն, Fendi-ն, Gucci-ն, Dolce & Gabbana-ն և Bottega Veneta-ն։ Այս մասին գրում է Marie Claire-ը։

Մինչ նորաձևության տները ներկայացնում են գալիք տարվա թրենդները, միջոցառման հյուրերն արդեն հասցրել են ուշադրություն գրավել իրենց ընտրած կերպարներով։ Միլան են ժամանել մի շարք համաշխարհային աստղեր, որոնք ներկայանում են հայտնի նորաձևության տների ստեղծած հագուստներով։

Ջենիֆեր Լոպեսը ընտրել է Dolce & Gabbana-ի ուսակալներ չունեցող զգեստը։ Սրունքներին հասնող զգեստն առանձնանում էր իր ասեղնագործությամբ, որը կերպարին հաղորդում էր շքեղ և տոնական տեսք։ Նրա կերպարն ամբողջացրել է Dolce & Gabbana-ի վզնոցը՝ աչքի ընկնող կախազարդով։

Պամելա Անդերսոնը ներկայացել է Ferragamo-ի 2026 թվականի աշնանային հավաքածուի մետաղական ոսկեգույն զգեստով։ Փայլուն երանգը և ընդգծված ձևվածքը կերպարին հաղորդել են առանձնահատուկ շքեղություն։

Էմիլիա Քլարկը նախապատվությունը տվել է Prada-ին՝ ներկայանալով նորաձևության տան ոճին բնորոշ դասական և էլեգանտ կերպարով։

Սիարան ընտրել է Dolce & Gabbana-ի սև զգեստը։ Երգչուհին այն համադրել է հաստ ներբանով և բարակ կրունկով կոշիկների, ինչպես նաև մի քանի ոսկյա վզնոցների հետ։ Սևի ու ոսկեգույնի համադրությունն ամբողջացրել է նրա կերպարը։

Ջորդին Վուդսը ներկայացել է Stéphane Rolland-ի սպիտակ զգեստով։ Նա կերպարը լրացրել է սրածայր կրունկներով կոշիկներով՝ դրանց գույնը համադրելով գոտկատեղի հատվածի ոսկեգույն դետալների հետ։

Միլանի նորաձևության շաբաթը շարունակվում է, և առաջիկա օրերին սպասվում են ինչպես նոր հավաքածուների ցուցադրություններ, այնպես էլ նոր աստղային կերպարներ։