Մեր երգերի մեջ հոգի կար․ Գրիշա Աղախանյանը, Լիլիթ Կարապետյանն ու Արման Բարդումյանը՝ 90-ականների հիշողությունների, երաժշտության մասին (լուսանկարներ)

15:17 • 22.09.26

Սեպտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ Retro Stars Fest Vol. 1: Disco Legends փառատոնը՝ 90-ականների դիսկո երաժշտությանը նվիրված միջոցառումը։ Փառատոնին միջազգային հայտնի արտիստների կողքին ելույթ ունեցան նաև հայ երգիչներ Գրիշա Աղախանյանը, Լիլիթ Կարապետյանը և Արման Բարդումյանը։ Մինչ բեմ բարձրանալը Tert.am Life-ը հայ արտիստներից հետաքրքրվեց 90-ականների իրենց ամենավառ հիշողությունների, այդ տարիների երաժշտության և մինչ օրս արդիականությունը չկորցրած հիթերի մասին։

Գրիշա Աղախանյանն ասաց՝ թեպետ դժվար տարիներ էին, բայց երգարվեստի տեսանկյունից՝ այդ տարիները նպաստավոր էին. «90-ականներից լավ հիշողությունն այն է, որ այդ ընթացքում շատ լավ բաներ ծնվեցին։ Թվում էր՝ վատ տարիներ էին, բայց արվեստի առումով այդ տարիներին շատ բաներ ստեղծվեցին: Ինձ համար դրանք կարևոր ու նպաստավոր տարիներ էին»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ 90-ականների երգերի երկարակեցության պատճառներից մեկն այն է, որ այդ տարիներին ստեղծվել են շատ հիշվող ու մեղեդային հիթեր։

«Ինձ թվում է՝ Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ շատ հիթային երգեր են ծնվել հենց այդ ժամանակ։ Հիմա այդքան շատ չեն մելոդիկ, սիրուն, հիշվող երգերը, որքան այն ժամանակ էին։ Դրա համար մինչև հիմա հիշում են, սիրում են, ձևափոխում են, այդ երգերով ապրում են»,– ասաց նա։

Լիլիթ Կարապետյանի համար էլ 90-ականներն իր կարիերայի համար փայլուն շրջան էր: «Իմ կարիերան փայլուն վիճակում էր։ Ինչպես բոլորն են ասում՝ երբ 90-ականները հիշում են, առաջին հերթին ես եմ գալիս իրենց մտքին»,-ասաց Լիլիթը:

Նրա խոսքով՝ այդ ամենն այսօր մնացել է որպես քաղցր հիշողություն։ Լիլիթ Կարապետյանը նաև նշեց, որ եթե ինչ-որ բան կարողանար վերադարձնել անցյալից, կվերադարձներ մարդկանց փոխհարաբերությունները։

«Ուզում եմ, որ լինեն այսօրվա տարիները, այսինքն՝ ապրելակերպի հետ կապված, երբ շատ բաներ մարդկանց հասանելի են, սակայն մարդկանց առումով երազում եմ, որ վերադառնան այն մարդկանց հոգիները, մաքրությունը, շփումը, ամեն ինչը»,– ասաց նա։

Արման Բարդումյանի համար 90-ականների ամենավառ հիշողությունը հենց այդ տարիներին ստեղծված երաժշտությունն ու ընկերների հետ անցած ճանապարհն է։ «Մենք զբաղվում էինք մեր կարիերայով, երաժշտությամբ, որն այսօր իր պտուղները տվել է։

Մարդիկ կարոտով են հիշում 90-ականները, ինձ, իմ ընկերներին և մեր արած աշխատանքները։ Մարդկանց սիրո շնորհիվ է, որ մինչև այսօր մեր երգերը ապրում են»,– ասաց նա։ Խոսելով այն մասին, թե ինչու են այդ տարիների երգերը մինչ օրս շարունակում լսել՝ Արման Բարդումյանը նշեց. «Մեր երգերի մեջ հոգի կար»:

Իր հիթերից արտիստը առանձնացրեց «Թափառական երաժիշտը» երգը՝ ընդգծելով, որ այն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ ««Թափառական երաժիշտ»-ը յուրաքանչյուր արվեստագետի է նվիրված։ Մինչև արվեստագետը կայանում է՝ լինի երաժիշտ, քանդակագործ, նկարիչ, մինչև իրեն գտնելը անընդհատ տարբեր տեղերում է լինում, թափառական կյանքի մեջ է լինում։ Ոչ թե վիրավորական առումով, այլ իրականում այդպես է։ Այստեղ է փորձում, այնտեղ է փորձում, վերջում գտնում է իրեն»,– նշեց Արման Բարդումյանը։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան