Վերջերս Հայաստանը լքել ցանկացող ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նշանակվել է սպորտի նախարարի խորհրդական

11:46 • 07.07.16

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ պատրաստվում էր իր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից և բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին մենք տեղեկացել էինք Արտյոմի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա գրառում էր հրապարակել: Այժմ նոր գրառմամբ ռեժիսորը տեղեկացնում է, որ նոր աշխատանքի է անցել Սպորտի և երիտասարդության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:

 

Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորը խոսեց նոր աշխատանքի, երկրից առայժմ չհեռանալու պատճառների մասին, մանրամասները՝ զրույցում:

 

-Օրեր առաջ ֆեյսբուքյան Ձեր էջի գրառումը բավականին աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում, իսկ հիմա նոր փաստաթուղթ եք հրապարակել, որում պարզ երևում է, որ աշխատանքի եք անցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Ճի՞շտ եք համարում մի երկրի կառավարման համակարգի մաս կազմել, որից ոչ հեռու անցյալում ցանկանում էիք հեռանալ: 

 

 -Ես ոչ կառավարությանն եմ շեշտել, ո'չ պետությանը: Ես անվանական որևէ մեկի չեմ շեշտել: Ասել եմ, որ Հայաստանում կան շատ երևույթներ, որոնք բացասական են: Շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Ես Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համագործակցում եմ շատ վաղուց՝ արդեն 6 տարի: Կարծում եմ գրությունս աշխատանքիս հետ կապ չունի, քանի որ ես դեռ գտնվում եմ Հայաստանում: Սկսենք այնտեղից, որ երկրից գնալը մեկ օրվա գործ չէ: Ես պարզապես շարունակում եմ իմ աշխատանքը: Հասկանում եմ, որ ուզում եք ասել, որ եթե ամեն ինչ վատ է Հայաստանում, ապա ինչո՞ւ եմ այս երկրում աշխատանք վերցրել: Բա ի՞նչ անեմ: Ընտանիքս ինչպե՞ս պահեմ: Հայ եմ և շարունակում եմ մնալ այս երկրի քաղաքացի: Ինձ շատ հաճախ հարցնում են, թե ես ինչո՞ւ իմ բողոքը շատ տեղերում չեմ բարձրաձայնում, բայց ես հեղափոխական ու քաղաքական գործիչ չեմ: Երբ իրական կլինի Հայաստանից իմ գնալը, ապա այդ ժամանակ կթողնեմ բոլոր աշխատանքներս:

 

-Փաստաթղթի վրա պարզ գրված է, որ անվճար հիմունքներով եք աշխատելու: Այդ դեպքում ինչպե՞ս եք ընտանիք պահելու: Ո՞րն է աշխատանքի անցնելու իմաստը: 

 

 -Ես ասում եմ, որ շարունակում եմ համագործակցությունս նախարարության հետ: Աշխատանքն ամբողջությամբ անվճար է լինելու, բայց հնարավոր է, որ նախագծերից վճարվեմ:

 

 

 

 

-Նշանակման ամսաթիվը պարզ երևում է փաստաթղթում՝ 2016 թվականի հուլիսի 4: Այսինքն՝ առա՞ջ էլ էիք նախարարի խորհրդականի գործառույթներն իրականացնում:

-Մինչ այժմ նախարարությունում եղել եմ որպես հրավիրյալ մարդ, իսկ հիմա նշանակվել եմ որպես նախարարի խորհրդական: Գրեթե նույն աշխատանքն եմ կատարելու կամ մի քիչ ավելի շատ, բայց արդեն որպես ներսի մարդ:

-Հայաստանից գնալու մտադրությունը դեռ ուժի մե՞ջ է:

-Հայաստանից գնալու համար թղթաբանության խնդիրներ կան: Այո, մեկնելու ցանկությունս դեռ ուժի մեջ է:

-Այսինքն՝ նոր աշխատանքը ֆեյսբուքյան Ձեր էջի գրառման հետ կապ չունի՞: 

-Ես մասնակցել եմ էլեկտրականության թանկացման ժամանակ տեղի ունեցող բողոքի ակցիային: Ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ իմ բողոքները աշխատանքի հետ կապ չունեն: Մարդը քանի ապրում է տվյալ երկրում, ապա պիտի աշխատի: Քաղաքացին իրավունք ունի դժգոհություններ հայտնել որոշ երևույթների նկատմամբ: Այսինքն՝ եթե ես մի քանի անգամ դժգոհություն հայտնեցի, ապա ինձ ինչ աշխատանք առաջարկեն Հայաստանում մերժե՞մ:

- Ֆեյսբուքյան էջի Ձեր գրառումից հետո՞ ստացաք աշխատանքի առաջարկը:

-Ոչ մի դեպքում: Կրկնում եմ՝ նախարարության հետ համագործակցում եմ վաղուց:

 

 

 

Ստորև ներկայացնում ենք Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որի մասին խոսվում էր զրույցի ընթացքում.

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել-վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էդ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես՝ ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան՝ չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը: Հ.Գ. Էս ցուցակն անվերջա, բայց էսքանն արդեն հերիքա, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»:

                                                                                                                  Անահիտ Կասամանյան

Վերջերս Հայաստանը լքել ցանկացող ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նշանակվել է սպորտի նախարարի խորհրդական