«Ոսկե ծիրան». տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան

11:00 • 13.07.16

«Ոսկե ծիրան» 13­րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում առաջին անգամ ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը: Այն Հայաստան-­Լիտվա­Շվեդիա­-Լիբանան­-ԱՄՆ համատեղ աշխատանքի արդյունք է: Գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է: Հայ դերասաններից բացի ֆիլմում ներգրավված են դերասաններ Իրանից, Լիտվայից ու Հունաստանից:

 


«Մենք երկար ժամանակ ենք աշխատել, որ մեր օտարերկրյա դերասաններն ընկալեն մեզ»,­- նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Դերասանուհի Սանդրա Դաուկսայտե­ Պետրուլենը մինչ նկարահանումները երեք անգամ եղել է Արցախում: Նա ծանոթացել է և՛ հայկական, և՛ ադրբեջանական մամուլի արձագանքին ու Ղարաբաղյան հիմնախնդրին. ոչ մի քարոզչություն չի եղել:

 

 

Ֆիլմի սցենարի համահեղինակը Ծովինար Խաչատրյանն է, ով 1995 թ. գրել է «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքը: Հեղինակը նշում է, որ պատմվածքը բավական տարբերվում է ֆիլմից, քանի որ վերջինն ավելի շատ գործողություններ է պահանջում:

 


«Տարիներ առաջ ամուսնուս գյուղացիները բռնագաղթել էին, և այնտեղ մնացել էր միայն մի մարդ` հոգեկան խնդիրներ ունեցող իր աղջկա հետ: Այդ պատմությունը ցնցել էր ինձ»,­ պատմեց Խաչատրյանը: Նրա խոսքով` Ջիվան Ավետիսյանը, լսելով այդ պատմությունը, մտածեց, որ կարելի է լավ ֆիլմ նկարել, սակայն որոշեց մի փոքր այլ ուղղությամբ տանել գաղափարը. այն է` ծննդավայրի կորուստը ոչ միայն հայերին է բնորոշ, այլև հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում: «Այդպես, ֆիլմն արծարծում է ազգայինից մինչև համամարդկային խնդիրներ: Ֆիլմում շեշտը դրվել է հոգեբանական կողմի վրա»,­- հավելեց սցենարի համահեղինակը:

 

 

«Վերջին բնակիչը» ֆիլմի պրոդյուսեր Կեստուտիս Դևազաուսկասն ընդգծեց, որ իր մասնակցությունը ֆիլմին բավականին շուտ սկսվեց, երբ նա Ավետիսյանին հանդիպեց «Թևանիկ» ֆիլմի նկարահանումներին: «Ես ուրախ եմ մեր համագործակցության համար և, կարծում եմ, այն դեռ երկար կտևի»,­ հավելեց նա: Նրա կարծիքով, այս ֆիլմը նախատեսված չէ լայն հանդիսատեսի համար, սակայն ինքը հույս ունի, որ այն կդիտեն մի շարք երկրներում ու կգիտակցեն դրա արժեքը: «Ես հայ չեմ, սակայն այս պատմությունն ինձ խորապես հուզեց: Հուսով եմ, որ նույնը կզգա արտերկրի հանդիսատեսը»,-­ ավելացրեց պրոդյուսերը:

 


Վերջում Ջիվան Ավետիսյանը հավելեց, որ շատ կուզենար նկարահանել ֆիլմ ապրիլյան Քառօրյա պատերազմի մասին, սակայն Հայաստանում ֆիլմ նկարահանելը շատ ավելի բարդ է, քան մի շարք այլ երկրներում, հետևաբար` դա կտևի առնվազն երկու տարի:

 

«Ոսկե ծիրան». տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան