Ժենյա Ավետիսյանը, Բորիս Պեպանյանը և Սերգեյ Թովմասյանը նշում են իրենց ծննդյան տարեդարձները

13:29 • 16.07.16

Այսօր խորհրդային տարիների երեք դերասաններ նշում են իրենց ծննդյան տարեդարձը: Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայտնի հոբելյարներին՝ ներկայացնելով նրանցից կենսագրական տեղեկություններ:

 

 

Դերասանուհի և ասմունքող Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941թվականի  հուլիսի 16-ին, Երևանում: Խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում:  Նկարահանվել է 20-ից ավել ֆիլմերում: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: 1984թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թվականին` ժողովրդական արտիստի կոչման: 2011-ին պարգևատրվել է ՀՀ Պետական առաջին կարգի մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, Գյումրիի «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալով, «Անդրանիկ Զորավար» միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով:

 

 

Դերասան Բորիս Պեպանյանը ևս ծնվել է հուլիսի 16-ին, սակայն 1950թվականին, Ալավերդի քաղաքում: Խաղացած ներկայացումներից են՝ «Սեր աստղերի տակ» , «Տաքսի-տաքսի», «Մեր տան տերերը», «Ատամնաբույժն արևելյան», «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Լիրիկական երթ» և «Լենֆիլմ» կինոստուդիայի «Միլիցիայի սերժանտը» կինոնկարներում: Երկար տարիներ վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար: 2002-ին ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»` ստանալով ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, իսկ միջազգային թատերական փառատոնում` Գրան Պրի: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

 

 

Արդեն 1960 թվականի, սակայն նորից հուլիսի 16-ին ծնվել է դերասան Սերգեյ Թովմասյանը, Երևանում: 2002թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր, խաղացել է նաև մի քանի հեռուստասերիալներում:  2013թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

 

 

 

 

Ժենյա Ավետիսյանը, Բորիս Պեպանյանը և Սերգեյ Թովմասյանը նշում են իրենց ծննդյան տարեդարձները