«Երեխաներիս քաղցած թողնել չէի կարող». Կոշկակար Գայանե
Տիկին Գայանեն երբեք չէր պատկերացնի, որ մի օր կենցաղային խնդիրները հոգալու համար հայտնվելու է կոշկակարի փոքրիկ կրպակում ու տիրապետելու է մի մասնագիտության, որը թերևս այդքան էլ կնոջ համար նախատեսված չէ:
Tert.am Life-ը որոշել է անդրադառնալ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց: Տիկին Գայանեն Երևանի առաջին կին կոշկակարներից մեկն է ում կյանքի փոքրիկ պատմությունը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Կար ժամանակ, երբ նրա հերթական խոհարարական գլուխգործոցից շենքում երկար ժամանակ խմորեղենի բույրը չեր անցնում։ Անուշեղենի բույրին արդեն 38 տարի է ինչ եկել է փոխարինելու սոսնձի բույրը։ Նուրբ մատները, որ երազում էին արժանանալ բժշկական գործիքներին այսօր մուրճի, ասեղի ու սոսնձի հետ կռիվ են տալիս։

«Երազում էի բժիշկ դառնալ, բայց 17 տարեկան էի, երբ նշանվեցինք: Ամուսնուս հարազատները խոստացել էին՝ հարս կբերենք, ընդունել կտանք ինստիտուտ, բարձրագույն կսովորես, բայց խոստացել էին․․Ամուսինս կոշիկի գործարաններից մեկի գլխավոր մոդելավորողն էր։ Հետո եկան դժվար ժամանակներ՝ Լյովային օգնել էր պետք։ Սկզբում ամուսինս սկսեց կոշիկներ նորոգել, իսկ հետո նրան միացա նաև ես։ Դժվար էր, բայց շատ երջանիկ էինք։ Դժվար էր, բայց միասին էինք։ Մի օր Լյովայի սիրտը մեզ դավաճանեց, իսկ երեխաներիս քաղցած թողնել չէի կարող»,- պատմում ու հուզվում է տիկին Գայանեն։

Գայանեն հիշողություններից հուզվում, բայց շարունակում է արհեստավարժ սոսնձել տակդիրները՝ չէ որ հաճախարդը շուտով գալու է իր նորոգված կոշիկի ետևից։ «Ես մեկից երկու ժամ եմ ոտաբոբիկ թողնում հաճախորդներիս»:

Երեք երեխա, հինգ թոռ՝ մեծ ընտանիք ունի։ Ընտանիքի հոգսը ամբողջությաբ իրենը չէ, բայց գումար անհրաժեշտ է բոլորին։ Աջափնյակ թաղամասի այդ փոքրիկ ու սովորական կոշկակարի կրպակում, նա աշխատում է առավոտից երեկո։ Կարում է, կաշի ավելացնում, անում այն ամենը, ինչ կոշկակարը պետք է անի, որ հաճախորդները գոհ գնան ու մյուս անգամ էլի ուզեն գալ:

Երազանքներ էլ չունի, բայց ժամանակին ունեցածի հետ ներկայիս գործի հետ զուգահեռներ տանելուց չի զլանում,- «Կոշիկին նայելով կարող ես բնութագրել մարդուն։ Կոշկակարությունը բժշկության նման է. մինչև կոշիկը չտեսնես, չես կարող ասել, թե ինչ կարժենա նորոգելը»,- ժպտալով ավելացնում է Գայանեն:

Ասում է, որ այլևս շատ օրիգինալ չի իր մասնագիտության մեջ, քանի որ արդեն շատ են կին կոշկակարները: Չի ցանկանում, որ երեխաներն ու թոռները շարունակեն իր գործը. «Եթե ասեմ չեմ սիրում գործս, ապա հաստատ կստեմ, բայց չեմ էլ ասի, որ շատերի երազանքն է կոշիկների հետ «լեզու գտնելը»: Թոռս երազում է բանկի կառավարիչ դառնալ, որ ինձ հետո խնամի: Երազանքների հավես ես վաղուց էլ չունեմ, բայց մի ցանկություն ունեմ, որ թույլ տան կրպակը քարից սարքենք: Շինանյութ ունենք, բայց թույլտվություն ստանալ չի հաջողվում: Ամռանը շոգ է, իսկ ձմռանը ցուրտ: Շատերին եմ խնդրել, որ այս հարցում օգնեն ինձ, բայց...»:

Գայանե Ղամբարյանն իրեն խոսք է տվել՝ քանի դեռ ձեռքերում ուժ կա, աշխատելու է ու բարձր է պահելու ամուսնու անունը:

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Զրույցը՝ Անահիտ Կասամանյանի







