«Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կկայանա Երանում

15:08 • 16.07.16

«Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 15-18-ը Երեւանում: 

 

 

«Լրատվությունը մեր մասնագիտությունն է» խորագիրը կրող փառատոնի նպատակն է ԱՊՀ տարածքում ստեղծել միասնական լրատվական հարթակ, օժանդակել հեռարձակման բնագավառում նորությունների տարածմանը, ինչպես նաև նպաստել հեռուստաընկերությունների և տվյալ բնագավառի մասնագետների միջև համագործակցության ամրապնդմանը:
Հեռուստատեսային փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսանյութեր, որոնք ԱՊՀ տարածքում եթեր են հեռարձակվել 2015 թվականի հունիսի 1-ից մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը ներառյալ: Ներկայացվող տեսանյութերը պետք է լինեն ամենօրյա լրատվական թողարկումներ կամ որոշ հատվածներ լրատվական թողարկումներից (առավելագույնը 30 րոպե տեւողությամբ), շաբաթվա ամփոփիչ տեղեկատվական-վերլուծական թողարկում կամ հատված (առավելագույնը 60 րոպե տևողությամբ): Տեսանյութերը պետք է արտացոլած լինեն օրվա կամ շաբաթվա տեղական կամ միջազգային գլխավոր նորությունները, կարող են լինել մշակութային կամ մարզական նորություններ, ինչպես նաև հարցազրույցներ կամ հատուկ ռեպորտաժներ:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն լեզվով (թարգմանության դեպքում իրականացնել ձայնադրում եւ ավելացնել ենթագրեր): 
Աշխատանքները պետք է լինեն ամբողջական, առանց գովազդային հատվածների:
Խախտումներ հայտնաբերվելու դեպքում կազմակերպիչները կարող են հանել աշխատանքները փառատոնի ցանկացած փուլից:
Տեսանյութերի հանձնման վերջնաժամկետը ս.թ.-ի հուլիսի 20-ն է:
Միջոցառման ընթացքում նախատեսվում են աշխատանքների ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասընթացներ ժամանակակից հեռուստատեսության արդիական խնդիրների շուրջ, ինչպես նաև հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Տեֆի-համագործակցություն» փառատոնը կազմակերպում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիան»՝ ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջկառավարական հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ:

 

Առավել մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել փառատոնի պաշտոնական կայք-էջ՝ www.tefi.ru

 

«Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կկայանա Երանում