Նկարիչ Մինաս Ավետիսյանն այսօր կդառնար 88 տարեկան
20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մինաս Ավետիսյանը, ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։
Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։

Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները:
1972թ. հրդեհվել է նրա արվեստանոցը, այրվել է 100-ից ավելի նկար: Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008թ.-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան:

Մինաս Ավետիսյանը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ այսօր պարզված չեն: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում: 1977թ. Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:








