Սիրո մասին լավագույն երգերը կատարելով՝ Միրեյ Մաթյեն այդպես էլ մնաց միայնակ (տեսանյութ)

12:13 • 23.07.16

Այսօր իր ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձն է նշում հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մաթյեն, որը 11 լեզվով 1200 երգ է ձայնագրել և սիրված է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ աշխարհի կողմից։

 

Ռուսական 1tv հեռուստաալիքը երգչուհու ծննդյան օրվա կապակցությամբ տոնական հաղորդում է պատրաստել, որի մեջ պատմվում է նրա կյանքի ամենակարևոր ու հետաքրքրաշարժ դրվագների մասին։

 

Նշվում է, որ Մաթյեն 13 տարեկանում թողել է դպրոցն ու աշխատանքի անցել գործարանում, որտեղ աշխատել ու Էդիթ Պիաֆի երգերն է երգել։ 16 տարեկան հասակում աղջիկն առաջին անգամ գնացք է նստել ու երաժշտական լսումների մասնակցելու նպատակով Փարիզ մեկնել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ արդեն կես տարի անց Մաթյեն ելույթ է ունեցել Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» դահլիճում, ինչից հետո սկսել է Շարլ Ազնավուրի հետ զուգերգով հանդես գալ։

 

Հաղորդվում է, որ Մաթյեի գոյություն չունեցող սիրավեպերի մասին բուռն խոսակցություններ էին գնում։

 

«Զարմանքով հայտնաբերեցի, որ Գերմանիայում ամուսին ունեմ, հետո իմացա արքայազն Չարլզի հետ սիրավեպիս մասին, այնուհետև սիրային կապի մեջ մտա ամուսնացած բժշկի հետ։ Կարիերայի սկզբում պրոդյուսերս ասել է, որ սիրահարված վիճակում չես կարողանում ուտել, քնել ու աշխատել, ու եթե ուզում ես ձայնդ պահպանես, պետք է ուտես, քնես ու աշխատես»,- ասել է Մաթյեն։

 

Ցավոք սրտի՝ Մաթյեն լսեց իր պրոդյուսերին ու, սիրո մասին լավագույն երգերը կատարելով, միայնակ մնաց։