Մարմնավորածս սեքսուալ կերպարներն ինձ դուր են գալիս. Ելենա Վարդանյան

14:06 • 23.07.16

Tert.am Life-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ:Դերասանուհի Ելենա Վարդանյանը հասարակության առավել լայն շերտերին հայտնի է սիթքոմերում մարմնավորած իր համարձակ ու սեքսուալ կերպարներով:

 

Բայց մինչ հեռուստաէկրաններին հայտնվելը դերասանուհին նախ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի բեմում է խաղացել ու մինչ այսօր էլ թատրոնն իր կյանքի իմաստն է համարում:

 

Արդյո՞ք ստացած հոնորարը բավարարում է դերասանուհուն, որքանո՞վ է կարողանում համատեղել աշխատանքն ու կենցաղը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ հարցազրույցում:

 

 

-Դերասանուհի դառնալը նպատակ էր, թե՞ երազանք:


-Իմ դեպքում պատահականություն էր դերասանուհու մասնագիտություն ընտրելը: Տարիներ առաջ, ամառային արձակուրդներս Երևանում էի անցկացնում՝ ծնողներիս հետ և հաճախ էի այցելում թատրոն: Հերթական ներկայացումը նայելու ընթացքում մտածեցի, որ կցանկանայի ուժերս փորձել այս բնագավառում: Հետաքրքիր է, որ այդ միտքը հղացավ Մոսկվա վերադառնալուս նախօրեին, բայց քանի որ կրթությունս ռուսական էր հասկանում էի, որ անհնարին բան եմ ուզում: Ընկերներս խորհուրդ տվեցին դիմել ռուսական թատրոնին կից գործող ստուդիա: Մտածեցի կդիմեմ ու եթե ընդունվեմ այլևս չեմ վերադառնա Մոսկվա, ճակատագիրն էր՝ ընդունվեցի: Հավերժ շնորհակալ եմ թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Գրիգորյանին հնարավորություն ու մասնագիտական փորձ, հմտություններ սովորեցնելու համար:
Առանց բեմի ու սիրո ես չեմ կարող ապրել…

 

 

-Ձեզ կարիերիստ համարո՞ւմ եք:


-Քաթինգների «հետևից» ես չեմ վազում, բայց ներկայացումների համար պայքարում եմ հատկապես, երբ հավանում եմ դերը կամ պիեստը: Թատրոնին ես վերաբերվում եմ ֆանատիկորեն:

 

 

 

-Փաստորեն թատրոնին եք ավելի մեծ տեղ տալիս, քան սիթքոմին կամ կինոյին:


-Ինձ համար թատրոնը, սիթքոմն ու կինոն բոլորովին տարբեր մասնագիտություններ են:  Ես հարգում եմ կինոարվեստը, թեև հատուկ փորձ չեմ ունեցել այդ ոլորտում: Գուցե վերաբերմունքս այլ լիներ, եթե կինոյից «գնայի» թատրոն, բայց քանի որ  կյանքիս 10 տարիներն անց եմ կացրել թատրոնում, ուր մշտական հյուրախաղերի եմ եղել և լավագույն դասականների պիեսներում խաղացել, հետևաբար վերաբերմունքս փոքր ինչ այլ է: Սիթքոմը նույնպես կարևոր է ինձ համար: Կրթությունս ռուսական է և սիթքոմում նկարահանվելը մեծ ջանք է պահանջվում և այս առումով շնորհակալ եմ «Դոմինո» սիթքոմի ռեսժիսորին՝ Խալաֆյան Հարութին և սցենարիստներին ինձ օգնության ձեռք մեկնելու համար: Սիթքոմն ինձ ճանաչում բերեց ու նաև հաղթահարեցի հայերեն խոսելու բարդույթս:

 

-Ինչպիսի՞ն է Ելենա Վարդանյանը կենցաղում:


-Կենցաղային հարցերից չեմ նեղվում: Չկա այնպիսի մի բան, որ չկարողանամ անել:

 

-Ինչպե՞ս կվարվեիրք, եթե Ձեր ամուսինը պահանջեր թողնել թատրոնը և զբաղվել միայն տնային տնտեսությամբ:


-Չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ  նման բան դժվար թե լիներ: Ես ամուսնուս  հանդիպել եմ, երբ արդեն իսկ դերասանուհի էի…

 

 

 

-Հանրությունը Ձեզ սեքսուալ կերպարներում է սովորաբար տեսնում: Սեքսուալ կնոջ կերպարը  կյանքում օգնում, թե՞ խանգարում է:


-Նախևառաջ նշեմ, որ իմ յուրաքանչյուր մարմնավորած սեքսուալ կերպարն ինձ դուր է գալիս: Բացի այդ, ես չեմ կենտրոնանում այն մտքի վրա, որ ինձ սեքսուալ կերպարներ են տալիս և դա վատ է: Ես դերասանուհի եմ և դերը ստանալուց հետո նախ փորձում եմ հասկանալ կերպարին, ապա ճիշտ մատուցել այն՝ դա  իմ աշխատանքն է: Ինձ համար կարևոր է, որ դերը ուրախ ու հետաքրքիր լինի: Ես չափը չեմ անցնում և մարդկանց լավ վերաբերմունքից հասկանում եմ, որ կերպարս սիրված է: Բացի այդ, ես թատրոնի բեմում շատ տարբեր կերպարներ եմ մարմնավորում:

 

-Արդյո՞ք չի խանդում Ձեր ամուսինը:


-Մեր ընտանիքում երբեք նման հարցեր չեն եղել, քանի որ մեր ընտանիքը հիմնված է փոխադարձ վստահության ու սիրո վրա: Եթե ես թատրոնում չեմ, ապա ամուսնուս հետ եմ: Ամուսինս կայուն, ինտելեկտուալ տղամարդ է և մեր հարաբերություններում չկան պակաս բաներ՝ ինչի արդյունքում սովորաբար ամուսինները առիթ են փնտրում վիճելու, խանդելու համար:

 

 

 

-Գո՞հ եք  Ձեր հոնորարներից:


-Այո,գոհ եմ իմ հոնորարներից  և այն ինձ բավականացնում է, բայց եթե տղամարդ լինեի լրացուցիչ աշխատանք էլ կանեի: Ընտանիքի ծախսերը ամուսինս է հոգում:

 

 

-Ինչի՞ վրա եք ավելի շատ գումար ծախսում:


-Ամենաշատը ծախսում եմ օծանելիքների ու կոշիկների վրա: Եթե դերասանուհի չլինեի շոպոհոլիկ կլինեի, բայց քանի որ գործի բերումովա անընդհատ շորեր եմ կարել տալիս պահարանս հագեցած է ցանկացած առիթի ներկայանալու համար:

 

 

-Ի՞նչն է պակասում Ձեզ առավել երջանիկ զգալու համար:


-Միշտ ինչ որ բան կարող է պակասել լիարժեք զգալու համար և դա վատ չէ, այլ մոտիվացնում է առավել աշխատասեր լինելու համար: Երբ ամեն ինչ կա կյանքում, մարդը դառնում է ծույլ: Ամենակարևորը հարազատներիս առողջությունն է, մնացած բաները կարելի է ստեղծել:

 

 

- Միայն բեմում եք խաղում, թե՞ իրական կյանքում նույնպես:


-Եկեք չխաբենք ինքներս մեզ, թե ոչ ոք չի խաղում կյանքում և բոլորս ազնիվ ենք: Ես ազնիվ եմ միայն հանդիսատեսիս, ամուսնուս ու ընտանիքիս հետ, մյուսներին ես ոչինչ չունեմ ապացուցելու: Եթե կյանքում նույնպես պետք է՝ ուրեմն խաղում եմ: Օրինակ՝ ինչպե՞ս կարող եմ  «երջանկություն չխաղալ» երբ ինձ մոտ են վազում բակի մանուկները, իսկ 10 րոպե առաջ ես լաց էի լինում, անշուշտ ես պիտի խաղամ: Իզուր չէ ասված՝ կյանքը բեմ է՝ մենք դերասան:

 

 Անի Կարապետյան