7 միջոց՝ օծանելիքի բնօրինակը կեղծից տարբերելու համար
Ներկայումս կոսմետիկ արտադրանքի բոլոր տեսակներից ամենից շատ կեղծվում է օծանելիքը, ինչը զարմանալի չէ, քանի որ կանայք երբեք չեն խնայում գումարը օծանելիք գնելիս: Նույնիսկ ամենավստահելի խանութներից օգտվելիս՝ կա հավանականություն կեղծ օծանելիք գնելու: Ձեզ են ներկայացնում կեղծ օծանելիքը բնօրինակից տարբերելու 7 եղանակ:
1. Ցելոֆանե փաթեթավորումը

Ցելոֆանե փաթեթավորումը հաճախ վկայում է օծանելիքի կեղծ լինելը, ուստի ստուգումն անհրաժեշտ է սկսել հենց դրանից: Օրիգինալ օծանելիքի փաթեթավորումը երբեք չեն իրականացնի սոսնձի օգնությամբ. դրա համար օգտագործվում է հատուկ թերմոմեթոդ (տաքացում) և «կարը» լինում է իդեալական ուղիղ ու հավասար: Բացի այդ, տուփի վերևում կամ նեքևում պետք է լինի ուղղանկյուն կամ շրջանաձև կնիք՝ պիտակի տեսքով:
2. Շտրիխ-կոդը

Հաջորդիվ անհրաժեշտ է ստուգել շտրիխ-կոդը. այն պետք է համապատասխանի արտդրող երկրի շտրիխ-կոդին: Ուշադրություն դարձրեք, որ ֆրանսիական օծանելիքը երբեք, «լիցենզիայի համաձայն», չեն շշալցնի Չինաստանում կամ Բանգլադեշում: Եթե հագուստի դեպքում դա սովորական երևույթ է, ապա օծանելիքի դեպքում՝ ոչ: Ֆրանսիական օծանելիքը պետք է շշացված լինի Ֆրանսիայում:
Ավելի հեշտ կողմնորոշվելու համար՝ ստորև ներկայացնում ենք հիմնական արտադրող երկրների շտրիխ-կոդերը:
Մեծ Բրիտանիա՝ 50,
Իտալիա՝ 80−83,
Ֆրանսիա՝ 30−37,
Իսպանիա՝ 84,
Կանադա և ԱՄՆ՝ 00−09,
Գերմանիա՝ 400−440:
3. Սերիական համարը

Տուփի ներքևի հատվածում միշտ լինում է բարակ թափանցիկ պիտակ, որի վրա գրված է լինում «Eau de Toilette, 50 ml» կամ նման որևէ այլ բան և արտադրանքի սերիական համարը: Կախված ապրանքանիշից՝ այն կարող է բաղկացած լինել մի քանի թվից կամ թվերից ու տառերից: Նույն համարը պետք է նշված լինի նաև ստվարաթղթե տուփի վրա: Օրիգինալ օծանելիքի դեպքում այդ թվերը համընկնում են:
4. Տուփի ներսի ստվարաթուղթը

Կեղծ օծանելիքը կարելի է տարբերել նաև տուփի ներսի ստվարաթղթի միջոցով: Սովորաբար օրիգինալ օծանելիքի ներսում կա ստվարաթղթից կամ պլաստիկից պատրաստված «կարկաս», որպեսզի սրվակն ավելի ապահով տեղավորվի: Կեղծ օծանելիք արտադրողները հաճախ խնայում են այս «մանրուքի» համար նախատեսված գումարը: Կեղծը բնօրինակից տարբերելու համար կարելի է թափահարել տուփը. եթե սրվակը շարժվում է, ապա, ամենայն հավանականությամբ, օծանելիքը կեղծ է:
5. Արտադրող երկիրը

Սովորաբար բնօրինակի վրա պարզապես մանր տառերով գրված է լինում «Made in France» կամ «Made in Italy», սակայն եթե նման բան գրված չէ կամ գրված է «Paris-London-New-York»-ի նման որևէ բան, ապա սա ոչ մի դեպքում չի կարող լինել բնօրինակ:
6. Փաթեթի վրային տեղեկատվությունը

Օրիգինալ օծանելիքի տուփի վրա միշտ նշված է լինում արտադրման ու պահպանման ժամկետը և արտադրանքի բաղադրությունը, իսկ կեղծ օծանելք արտադրողները հաճախ նման տեղեկատվությունն ավելորդ են համարում:
7. Գինը

Սա իհարկե օծանելիքի իսկությունը պարզելու ամենավստահելի եղանակը չէ, սակայն երբեմն այն նույնպես կարող է բավական ստույգ լինել: Գնորդը սովորաբար գոնե մոտավոր պատկերացում է ունենում օծանելիքի գնի մասին և չափազանց մեծ զեղչը պետք է կասկած առաջացնի: Բնօրինակը երբեք չի կարող իր իրական արժեքից 2-3 անգամ ավելի էժան լինել, քանի որ դրա ինքնարժեքն արդեն բավական բարձր է:
Նյութի աղբյուրը՝ secreti.net







