Արաքս Մանսուրյանն ու Ալբերտ Սաֆարյանն այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձերը

11:46 • 01.08.16

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի:

 

Բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար, ուր հանդես է գալիս այնպիսի դերերգերով, ինչպիսիք են՝ Լիու, Աիդա, Ֆլորիա Տոսկա, Դեզդեմոնա, Միմի, Կատյա Կաբանովա, Սանտուցցա, Ֆատա Միրգանա և այլն։

 

 

Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։

2015 թ. Հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

 

 

Ալբերտ Անուշավանի Սաֆարյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ։ Ծնվել է 1963 թ. օգոստոսի 1-ին Թբիլիսիում։ 1982-1984 թվականներին սովորել է Վրացական պետական թատերական ակադեմիայում։ 1988-1986 թթ աշխատել է Թբիլիսիի  Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում։

 

 

Խաղացած ներկայացումներ են՝ «Խաթաբալա», «Չարլեի մորաքույրը», «Պատուհանից դուրս գարուն է»։ Վերջին ներկայացման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի։ 1991 թվականին «Կանչեցին» ներկայացման համար արժանացել է Աճեմյանի անվան մրցանակի։

 

 

1996-ից  տեղափոխվել է Երևան և մինչ օրս աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Խաղացած ներկայացումներն են՝ «Հին աստվածներ», «Էզոպոս», «Դատարանն է գալիս», «Ռուզան», «Տրամվայ ցանկություն», «Ջոն արքա»։

 

 

Նկարահանվել է «Բանդապետ», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում, ինչպես նաև՝ «Որոգայթ», «Դիմակահանդես», «Դժվար ապրուստ» հեռուստասերիալներում։ 2013 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։