Արտո Թունջբոյաջյանն այսօր նշում է իր 59-րդ տարեդարձը
Հայտնի երգիչ, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն այսօր նշում է իր 59-րդ տարեդարձը: Արտոն 11 տարեկան հասակից սկսել է ստեղծագործել և կատարել եղբոր՝ կոմպոզիտոր Օննո Թունջի խմբում:
Ստեղծագործում և կատարում է ավանգարդ ֆոլկ ոճում, նվագում է դուդուկ, հարվածային գործիքներ, սազ, մանդոլին, նույնիսկ` «գարեջրի շիշ»:

Հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում և Եվրոպայում: 1981թվականին մեկնել է ԱՄՆ: Ամերիկյան ջազի վարպետներն անմիջապես նկատել են նրան և համագործակցության առաջարկ արել: Այդ շրջանում դարձել է պահանջարկված սայդմեն:
1985-ին թողարկել է առաջին «VirginLand» և «Main Root» ձայնասկավառակները: 1980-ականների վերջին հիմնել է «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակը: 1998-ին եկել է Հայաստան և հիմնել «Armenian Navy Band» խումբը: Թողարկել է չորս ալբոմ, որոնք արագորեն տարածվել են ողջ աշխարհով և մի քանի վերաթողարկում ապրել:

2006 թվականին խմբի հետ արժանացել է հեղինակավոր «BBC Radio 3 Awards for World Music» բրիտանական մրցանակաբաշխության հանդիսատեսի համակրանքի մրցանակին: 2006-ին խմբին շնորհվել է «Audience World Music Award» մրցանակը:
Սերժ Թանկյանի հետ համատեղ ստեղծել է երաժշտական «ՍերԱրտ» նախագիծը: Թուրքահայ ռոք-երաժիշտ Յաշար Կուրթի հետ համատեղ ձայնագրել է «Nefrete Kine Karşı» ձայնասկավառակը: 2008թվականին նկարահանել է «Արարատ» երգի տեսահոլովակը:
2011թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Նույն թվականին մասնակցել է «Ալա Բալա Նիցա» ֆիլմի նկարահանումներին՝ որպես երգիչ և երաժիշտ և նկարահանել է ֆիլմի երաժշտական տեսահոլովակը: 2012թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ:








