Հեռախոսային «ՍԵՐ» Երևանի փողոցներում (ֆոտոշարք)
Գաղտնիք չէ, որ նորագույն տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են մեր կյանքը։ Բջջային հեռախոսը վերածվել է անհրաժեշտ սարքի ու դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը:
Շատերս, երբ հեռու ենք լինում բջջայինից տհաճ զգացում ենք ապրում, գաջեթներից ունեցած կապվածությունը արդեն աստիճանաբար վերածվում է կախվածության:
Tert.am Life-ի տեսախցիկը շրջել է Երևանի կենտրոնում և առանձնացրել այն մարդկանց, ովքեր շատերիս պես ձեռքից բաց չեն թողնում հեռախոսը: Լուսանկարների հետ միասին մի փոքր պատմենք նաև զանազան կապի միջոցների ու գաջեթների օգտակարության, ինչպես նաև վնասակարության մասին։

Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր անհանգստանում, որ չի կարող զանգահարել հենց այս պահին, ինչպես նաև չէինք պատկերացնի, որ հեռախոսի միջոցով սոցիալական ցանցի անձնական էջ ամեն վայրկյան մուտք գործելը «օդ»-ի պես մի բան պետք է դառնա:
Հոգեբանները պարզել են, որ բջջային հեռախոս տնօրինողը ժամանակի ընթացքում ձեռք է բերում որոշակի սովորություններ, ինչը հետագայում կարող է կախվածության նախադրյալ լինել:


Հայաստանում բջջային հեռախոսների համատարած գործածությունը մեզ հուշում է մարդկանց մտածողության, վարքի, հոգեբանության փոփոխության մասին: Մեր երկրի բնակչության մեծամասնությունը բջջային հեռախոսը կրում է արտաքին տարբերանշանի նման, ոմանք ձեռքից բաց չեն թողնում, ոմանք ժամանակ առ ժամանակ պայուսակից հանում գրպանն են դնում, ձեռքի մեջ են պահում, խաղեր են խաղում, երաժշտություն լսում, շրջում սոցիալական ցանցերով։ Աղջիկների մեծամասնությունն էլ շատ հաճախ «հոգու պարտքը» համարում՝ բադիկի շրթունքներով արված հերթական ինքնանկարը հնարավորինս արագ ցուցադրել իրենց վիրտուալ տիրույթի ընկերներին:
Երևույթն ավելի քան իրական է ու մոտ գրեթե ցանկացածիս: Բազմաթիվ երկրներում հոգեբանների և փորձագետների կատարած հետազոտությունները հուսադրում են այնքանով, որ այս հարցում մենք մենակ չենք:



Սակայն ամեն ինչ ինքնանկար անելու նման հեշտ չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնաճյուղերից մեկը 14 երկրներում հետազոտություն անցկացնելուց հետո պարզել է, որ բջջային հեռախոսի ճառագայթահարումը վտանգավոր է այնքան, ինչքան որ քաղցկեղածին նյութերը, DDT թույները, մեքենայի արտանետած գազերը։



Անգլիական Լանկաստեր քաղաքի համալսարանում կատարված հետազոտությունները բերել են այն եզրակացության, որ բջջային հեռախոսները ուղղակի իմաստով հնարավորություն են տալիս կառավարել մարդկանց ու վերահսկել նրանց կյանքը:

Պարզվում է Շվեդիայում, որտեղ բնակչությունն ավելի վաղուց է գործածում բջջային հեռախոս, դրանից երկար տարիներ օգտվող մարդիկ երկու անգամ ավելի շատ են ենթարկվել ուղեղի քաղցկեղի զարգացման վտանգին, քան մյուսները։


Որոշ փորձագիտական խմբեր էլ պնդում են, որ այս ամենը բջջային հեռախոսների շուրջ ստեղծված հիստերիա է, և որ ոչ մի իրական վտանգ էլ չկա. բջջային հեռախոսները ո՛չ քաղցկեղ են առաջացնում, ո՛չ էլ օրգան են ախտահարում:


Օրինակ Ֆրանսիայում, աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ մինչև 12 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է բջջայինից օգտվել։ Ամենապարզ խորհուրդը, դա հեռախոսով քիչ խոսելն է ու հնարավորինս իրականության զգացումը պահպանելը:



Նյութը՝ Անահիտ Կասամանյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







