«Հարի Փոթերի» և «Դաունթոն աբբայության» երկրպագուները «պաշարել» են ֆիլմերում հայտնվող անգլիական ամրոցը (լուսանկարներ)
Նորթումբերլենդի 12-րդ դուքս Ռալֆ Պերսին բողոքել է, որ «Հարի Փոթեր» ֆիլմի և «Դաունթոն աբբայություն» հեռուստասերիալի երկրպագուները լցվել են իր ընտանիքի ավանդական բնակավայրի՝ Անգլիայի հյուսիսում գտնվող Ալնիք ամրոցի մոտակա տարածքները։ Ազնվականի ընտանիքը ստիպված է կողպված նստել 150 սենյականոց կալվածքում, հաղորդում է The Daily Mail-ը։
Նշվում է, որ Ալնիք ամրոցում նկարահանվել են Հարի Փոթերի մասին ֆիլմերի երկու դրվագ և «Դաունթոն աբբայություն» հեռուստասերիալի հատուկ ամանորյա սերիաները, ինչի պատճառով երկրպագուները սկսել են «պաշարել» 11-րդ դարում կառուցված ամրոցը։
Ռալֆ Պերսիի խոսքով՝ ինքն իր կնոջ ու չորս զավակների հետ չի կարողացել դուրս գալ ամրոցից առանց զբոսաշրջիկների խմբերի հետ առերեսվելու, ինչի պատճառով ընտանիքը ստիպված է եղել հինավուրց կալվածքի ներսում մնալ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ազնվականների ընտանիքն այցելուների ներհոսքի պատճառով լքել է Ալնիքն ու ժամանակավոր բնակություն հաստատել Շոտլանդիայի սահմանին գտնվող մեկ այլ տանը։












