«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով

15:03 • 10.08.16

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: 

 

 

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ, ներքին ընտրության արդյունքում՝ հենց նրանք կլինեն հայաստանյան պատվիրակները ճանաչված և սիրված մրցույթում և ելույթ կունենան դուետով:
13-ամյա Անահիտ Ադամյանը թեև ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից, ուսանել նաև Հայաստանում: Անահիտը Ռուսաստանում մասնակցել է մանկական Голос նախագծի ընտրական փուլին, ինչպես նաև Իգոր Կրուտոյի ակադեմիայի Битва талантов նախագծին, որտեղ դարձել է ֆինալիստներից մեկը:

 


«Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելը Անահիտի երազանքներից մեկն է եղել: «Շատ երջանիկ եմ, որ այս տարի հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը իմ ամենասիրելի մրցույթում: Իսկապես մեծ հույսեր ունեմ, որ լավագույնս կներկայանանք մրցույթին»,- նշում է Անահիտ Ադամյանը:

 

Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:

 


Մերին ևս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: 2015 թ-ին մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ -փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի: 2016 թ-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: «Շատ անգամներ եմ երազել և պատկերացրել, թե ինչպես եմ մի օր կանգնելու եվրատեսիլյան բեմում և երգելու: Դա իսկական հրաշք է, այդ օրը շատ մոտ է: Մենք ամեն ինչ կանենք, որ վառ ու գունեղ ելույթ ունենանք»,- նշում է Մերի Վարդանյանը:

 



«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների քվեարկության արդյունքում: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

 

 


Մրցույթին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ալբանիան, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իռլանդիան, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան:

 

«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով