Անցկացվեց հայ-իսպանական «Միասնության ռիթմերը» խորագրով պարային ծրագիրը
Ծաղկաձորում և Երևանում անցկացվեց «Միասնության ռիթմերը» խորագրով ծրագիրը:
Ծրագիրը կազմակերպել էին «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն Իսպանիայի «Պոխարա» կազմակերպության հետ համատեղ:
Միջոցառումը նպատակ ուներ պարի շնորհիվ ամրապնդելու հայ և իսպանացի երիտասարդների հարաբերությունները։ Մասնակիցները իրականացրին փորձի փոխանակում, սովորեցրին միմյանց երկու երկրների պարերը՝ ներկայացնելով նաև դրանց պատմությունը և նշանակությունը։

«Պարը յուրահատուկ մի գործիք է մարդկային զգացմունքները արտահայտելու համար։ Մենք ուրախ ենք և հպարտ, որ այսօր այս միջոցառումը կայացավ, և մենք հնարավորություն ունեցանք մեր մասնակիցներին սովորեցնելու հայական ավանդական պարեր, նրանց պատմությունը և նշանակությունը։ Ի պատասխան մեր իսպանացի մասնակիցները սովորեցրին բոլորին հայտնի իսպանական պարեր, որոնք առանց բառերի արտահայտում են հոգեկան ապրումներ և զգացմունքներ։ Հուսով եմ մեր համագործակցությունը կլինի շարունակական, և նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն նաև այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշեց «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Ալեքսանյանը։

«Միասնության ռիթմերը» ծրագիրը ամփոփվեց Հյուսիսային պողոտայում՝ ֆլեշմոբով։







