Յուրաքանչյուր նոր դեր պետք է տարբերվի նախորդից. Արման Նշանյանը «Նշանավոր մարդիկ» նոր սերիալում իր կերպարի մասին

15:16 • 13.08.16

«Նշանավոր մարդիկ». այսպես է կոչվում Արման Նշանյանի գլխավոր դերակատարմամբ ու համապրոդյուսերությամբ նկարահանված նոր հեռուստասերիալը, որը օգոստոսի 22-ից կցուցադրվի ATV-ի եթերում: 

 

Սերիալի համապրոդյուսերն Արման Միտոյանն է, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարը գրել է Աստղիկ Սիմոնյանը։ 24 մասից բաղկացած սերիալի դերասանական կազմում են Ժան Նշանյանը, Լևոն Շարաֆյանը, Շաքե Թուխմանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Աննա Գրիգորյանը, Սամվել Սարգսյանը, Վիվյեն Բաստաջյանը, ամերիկացի դերասան Քեն Գեմբլը և այլոք։

 

 

««Նշանավոր մարդիկ»-ում նկարահանված 21 դերասաններն էլ ճանաչված են, պատահական ոչ մի դեր չկա։ Նկարահանումները տևել են գրեթե մեկ տարի, որոնք իրականացվել են ԱՄՆ-ում ու Հայաստանում: Ամերիկայում բարդ է ֆիլմ նկարելը։ Հնարավորությունները սահմանափակ են, բայց ամեն ինչ կազմակերպեցինք, որ լավ տաղավարներ ունենանք: Այնտեղ չես կարող պարզապես դուրս գալ փողոց և սկսել ֆիլմ նկարահանել։ Անհրաժեշտ է նախապես պայմանավորվածություն ստանալ, իսկ դա այդքան էլ հեշտ չէ: Սերիալում միախառնված են տարբեր ժանրեր՝ սեր, դավաճանություն, խարդավանք, արկածներ, հանցագործություն։ Ըստ պատմության գլխավոր հերոսը՝ իմ դերակատարը, ԱՄՆ-ում ծնված ու մեծացած հայ տղա է, ով հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան, իսկ շարունակությունը կարող եք դիտել ATV-ի եթերում»,- պատմեց Արմանը: 

 

 

 

 Այն հարցին, թե որքանով ստացվեց կերտել նոր կերպարը և չկա արդյո՞ք մտավախություն, որ մշտապես կերտած զգացմունքային կերպարներից հետո կարող է հեռուստադիտողին խորթ թվալ դետեկտիվ կերպարը՝ դերասանը պատասխանեց,-«Չեմ ցանկանում մնալ նույն տեղում: Յուրաքանչյուր նոր կերպար պետք է տարբերվի նախորդից, պետք է շարունակ ձգտել նորին»:

 

 

 

 

«Նշանավոր մարդիկ» հեռուստասերիալի առաջին սերիան եթերում կլինի օգոստոսի 22-ին, ժամը 20։50-ին ATV-ի հեռուստաընկերության եթերում։

 

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Յուրաքանչյուր նոր դեր պետք է տարբերվի նախորդից. Արման Նշանյանը «Նշանավոր մարդիկ» նոր սերիալում իր կերպարի մասին