Չժպտացող անցորդների հետքերով (street style ֆոտոշարք)

14:28 • 15.08.16

Tert.am Life-ի տեսախցիկը պարբերաբար շրջում է Երևանի փողոցներով և ֆիքսում հետաքրքիր կադրեր: Հավանաբար բոլորս էլ նկատած կլինենք, որ փողոցով քայլող մարդկանց մեծամասնությունը շատ հաճախ մոռանում է ժպտալ:

 

Մարդիկ մշտապես հետևում են իրենց` գեղեցիկ տեսք ունենալու և հակառակ սեռի ուշադրությունը գրավելու նպատակով: Գրեթե յուրաքանչյուր մարդ մտածում է, թե ինչ կրել առավել հմայիչ, ներկայանալի տեսք ունենալու համար, սակայն մոռանում է շատ կարևոր փաստի մասին՝ ժպիտը նույնպես մեծ ուշադրության է արժանանում ցանկացած սեռի կողմից: Վերջիվերջո բոլորին էլ դուր է գալիս գեղեցիկ ժպիտ տեսնելը:

 

 

 

Յուրաքանչյուրն էլ ունի իր խնդիրները, դժվարությունները, ուրախություններն ու նպատակները: Ցանկացած անցորդ իրավունք ունի շրջել այն դեմքի արտահայտությամբ, որը բնորոշ է տվյալ պահի իր հոգևիճակը: Միտում չունենք քննարկել անցորդների չժպտացող դեմքի արտահայտությունը, սակայն ցանկանում ենք ներկայացնել մի քանի փաստ ժպիտ կոչվածի մասին, որից հետո, երբ քայլեք փողոցով ինքներդ որոշեք ժպտալ, թե՞  չժպտալ:

 

 

Ասում են, որ անգամ ստիպված ժպիտը կարող է տրամադրություն բարձրացնել: Հոգեբանները վստահեցնում են, որ եթե մարդը ստիպում է ինքն իրեն ժպտալ, նրա տարամադրությունն ինքնըստինքյան բարձրանում է: Ավելի հեշտ է ժպտալ, քան խոժոռ հայացք ընդունել, քանի որ վերջինիս պարագայում ավելի շատ դեմքի մկաններ ենք ստիպված աշխատացնել:

 

 

 

Փաստացի ապացուցված է, որ ժպիտը վարակիչ է: Եթե ձեր կողքին ինչ-որ մեկը ժպտում է, դուք նույնպես ակամայից ուզում եք ժպտալ: Այն նվազեցնում է սթրեսը: Առանց այն էլ կյանքը լի է դժվարություններով ու բացասական էներգետիկայով, իսկ կյանքի որոշակի դժվարություններին կարող ենք հակադրել միայն մեր բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:

 

 

 

Աշխատավայրում մենք ավելի քիչ ենք ժպտում: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում մենք 30%-ով ավելի քիչ ենք ժպտում, քան տանը: Հավանաբար պարտականությունները մարդկանց ստիպում են լարվել և մոռանալ, որ ժպիտը վարակիչ է և գործընկերներին ևս պետք է «հիվանդացնել» դրանով:

 

 

Գոյություն ունի ժպիտի 19 ձև: Սան-Ֆրանցիսկոյի գիտական լաբորատորիայի աշխատակիցները նույնականացրել են ժպիտի 19 տեսակ, որոնք դասակարգել են երկու խմբի՝ սոցիալական ժպիտ և սրտանց ժպիտ:

 

 

Կա տարածված կարծիք, որ ժպտացող կինը գրավիչ է, իսկ խոժոռ դեմքի արտահայտությամբ տղամարդը առավել սեքսուալ: Հավանաբար դա է պատճառը, որ ըստ վիճակագրության կանայք ավելի հաճախ են ժպտում, քան տղամարդիկ:

 

 

Երեխաները ծնվում են արդեն ժպտալու ունակությամբ: Ի վերջո՝  ժպիտը երջանկության ունիվերսալ նշան է: Հաճախ ժպտացեք :)

 

 

Տեքստը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Չժպտացող անցորդների հետքերով (street style ֆոտոշարք)