Այսօր լուսահոգի երգչուհի Էվելինա Մակարյանի տարեդարձն է
Էլվինա Մակարյանը ծնվել է այսօր՝ օգոստոսի 16-ին Երևանում: Երգել սկսել էր 12 տարեկանից և հենց այդ տարիքում էլ մասնակցել առաջին մրցույթին և արժանացել առաջին մրցանակի:
«Առանց Էլվինայի չգաք». օլիմպիադայից մի քանի օր անց Մարտին Վարդազարյանն Էլվինային հրավիրում է իր ջազային նոր քառյակում երգելու: Այնուհետև մասնակցելով «Օգոնյոկ» տոնական հաղորդմանը՝ կատարում է ջազային հետաքրքիր մի գործ, որն էլ լսում է Ռոբերտ Ամիրխանյանը և նրան հրավիրում վոկալ-գործիքային «Կռունկ» անսամբլում երգելու:

Ավելի ուշ, Երևանի համերգային դահլիճներից մեկում փորձի ժամանակ ներկա է լինում Կոնստանտին Օրբելյանը, ով եկել էր Էլվինային Հայաստանի պետական էստրադային նվագախումբ տանելու: Բազմաթիվ հյուրախաղերի հրավերներ էր ստացվում հարևան պետություններից, և ամեն անգամ նշվում էր. «Առանց Էլվինայի չգաք»:

Ամուսնացել է երեք անգամ, ունեցել է որդի ու դուստր:
Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգիներին ևս մեծ հիացմունք պատճառում։

Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։
Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։

Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։
1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվական։

2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։







